«Մենք խոշորամասշտաբ հարձակման ենք ենթարկվում և գոյատևելու համար պայքարելուց բացի այլընտրանք չունենք». Տիգրան Ձիթողցյանը կոչ է արել աշխարհին ճանաչել Արցախը

Նյույորքաբնակ հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որը մեկ ամիս է, ինչ Հայաստանում է, հերթական անգամ կոչով ու պահանջով դիմել է միջազգային հանրությանը՝ շեշտելով, որ եկել է Արցախի անկախությունը ճանաչելու համար:

«Հեյ աշխարհ, Արցախը ճանաչելու ժամանակն է: Դիտորդ ժողովրդավարական երկրների չեզոքությունը պասիվորեն աջակցում է Հայոց ցեղասպանությանը, որը տեղի է ունենում հենց հիմա օրեցօր: Արդեն 31 օր է, ինչ ամեն րոպեն տարի է թվում: Աշխարհը նոր է սկսել բացահայտել Էրդողանի խելագարությունը, քանի որ այն նոր է ձեզ հասնում: Այսօր Ֆրանսիան, վաղը հավանաբար Գերմանիան և ուրիշներ… Եթե այն, ինչ խենթն այսօր անում է Հայաստանի դեմ չպատժվի, այն կկրկնվի վաղը առավել մեծ մասշտաբներով: Ես չեմ խոսում Ալիևի մասին, քանի որ նա պատանդ է իր աշխատասենյակում և այլևս որոշումներ չի կայացնում, նա պարզապես մոլորվում է հարցազրույցներում ասած ստերի մեջ: Յուրաքանչյուր հայ պարզապես խաղաղություն է ուզում, և մենք չենք ուզում, որ մարդիկ զոհվեն երկու կողմում էլ: Մենք խոշորամասշտաբ հարձակման ենք ենթարկվում և գոյատևելու համար պայքարելուց բացի այլընտրանք չունենք: Կանգնեցրեք ագրեսորին, կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք Ալիևին»,- գրել է Ձիթողցյանը: