Hollywood Reporter-ն անդրադարձել է Արցախի օգտին հանդես եկած հայտնիներին, որոնց թվում են Քիմ Քարդաշյանը, Շերը, Օսկար Այզեկը, Էրիկ Էսրայելյանը

Հայտնի և հեղինակավոր hollywoodreporter.com կայքը հոդված է հրապարկել հոլիվուդյան այն հայտնիների մասին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են Արցախի հակամարտությունը, ինչպես նաև Նիգերիայում ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնությունների ալիքը։

Կայքը նշում է, որ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով երկրի բնակչության կեսը տեղահանվել է, կան մեծ թվով վիրավորներ և զոհեր։ Աղբյուրը, թեթև ակնարկ անելով հակամարտության մասին, նշում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և աշխարհահռչակ երգչուհի Շերն աջակցում են հայերին՝  ԱՄՆ-ին կոչ անելով միջամտել և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Hollywood Reporter-ը հայտնում է նաև Քիմ Քարդաշյանի «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած 1 միլիոն դոլար նվիրատվության մասին։

Նշվում է, որ հայերին աջակցելու գործով է զբաղվում նաև 2016 թվականին լույս տեսած «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, ինչպես նաև Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի տնօրեն Էրիկ Էսրայելյանը, «Խոստումը» ֆիլմի դերասան Օսկար Այզեկը: