Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ «Սիրո թևեր» հեռուստասերիալի անձնակազմից յուրքանչյուր անդամի աշխատավարձի ինչ-որ մասի հանգանակության արդյունքում հավաքվել է 1 250 000 դրամ, որը կկրկնապատկվի և կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Դերասանն ընդգծել է, որ այս բարդ ժամանակներում շատ կարևոր է գումար հավաքագրելն ու նվիրաբերելը: «Եկեք միանանք իրար ու համահայկական հիմնադրամում հավաքված 150 մլն դոլարը տասնապատկենք, քսանապատկենք, ինչը հնարավոր է, ես հավատում եմ: Խնդրում եմ, միացե՛ք, բոլորին հորդորեք, որ միանան հանգանակություններին»,- նշել է Աշոտը:
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն էլ ընդգծել է, որ հանրային մարդ լինելու ամենակարևոր հանգամանքներից է, որ իրենց խոսքն ավելի շատ մարդկանց հասանելի լինի և կոչ է արել բոլոր դերասաններին, երգիչներին` չթուլացնել տեմպը:
ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանն էլ նշել է, որ պետք է միասնական լինել: «Հաստատ հաղթելու ենք, պարզապես պետք է վերջին անգամ սեղմենք մեր գոտիներն ու հաղթենք: Ես հավատում եմ, հաղթելո՛ւ ենք»,- ասել է նա:
Իր խոսքն է հղել նաև դերասան Սամվել Թոփալյանը` նշելով, որ հիմա պահն է, երբ խոսքը պետք է գործ դառնա: «Երբ մեր խոսքը դառնա միասնական գործ, հաղթանակն արդեն ապահովված կլինի»,-ասել է նա: