«Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, որոնք Արցախում էթնիկ զտումների արշավ են իրականացնում»․ Շեր

Կորոնավիրուսի համավարակը, ԱՄՆ ընտրությունները և այլ կարևոր հիմնախնդիները շեղում են մարդկանց՝ թույլ չտալով նկատել Արցախում իրականացվող էթնիկ զտումների արշավը և թե ինչպես են հայ խաղաղ բնակիչներին հեռացնում իրենց նախնիների հողերից: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ամերիկահայ հանրահայտ երգչուհի Շերը՝ անդրադառնալով ԼՂ շուրջ վերջին զարգացումներին։

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա․ հաշվի առնելով հայերի և Թուրքիայի ընդհանուր պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, մարդու իրավունքների խախտումները, ժամանակն է պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ», – նշում է Շերը։

Ամերիկահայ երգչուհին նաև իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ «ԱՄՆ-ն իր հարկատուների դոլարներն ուղարկում է այդ ավտորիտար ռեժիմներին, ինչպես նաև զենք է վաճառում նրանց»։

«Վրդովմունքը բավարար չէ, իրազեկելը բավարար չէ։ Կապվե՛ք ձեր ներկայացուցիչների հետ հենց հիմա և պահանջեք, որ քայլեր ձեռնարկեն»,- ընդգծում է երգչուհին՝ կոչ անելով նաև հանգանակություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։