Թանկյանն ու SOAD-ը 600 հազար դոլար են հավաքել Արցախի համար

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին օգնելու համար։ Տեղեկությունը «New Musical Express»-ին է հայտնել խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Ամերիկյան ռոք խումբը (վոկալիստ Սերժ Թանկյան, կիթառահար Դարոն Մալաքյան, բաս կիթառահար Շավո Օդաջյան, թմբկահար Ջոն Դոլմայան) 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երգեր է թողարկել («Protect The Land», «Genocidal Humanoidz»), որոնցից ստացած հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Դոլմայանը հայտնել է` իրենք հուսով են, որ այն, ինչ կատարվել է 1915 թվականին, չի կրկնվի։ «Սա անարդար հակամարտություն էր, մենք ուզում ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել դրա վրա։ Այդ պատճառով էլ թողարկում ենք այս երգերը, որպեսզի մարդիկ իրենց հերթին կարողանան այդ մասին հայտնել իրենց իշխանություններին, իսկ վերջիններն էլ արձագանքեն», – ասել է Թանկյանը։

«System of a Down»-ի երաժիշտները «Speaking Out For Artsakh» («Խոսում ենք Արցախի համար») հայտարարության մեջ նշել են․ «Մենք ցնցված ենք Արցախի ժողովրդին ցուցաբերած ձեր անհավանական աջակցությունից, դուք օգնել եք մեզ ավելի քան 600 հազար դոլար հավաքել օգնության կարիք ունեցող մարդկանց համար։ Ձեր շնորհիվ մենք կարող ենք օգնել տեղափոխված խաղաղ բնակիչներին, որոնք տուժել են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի հանդեպ իրականացված սարսափելի պատերազմական հանցագործություններից»։