«Թուրքոֆիլ ֆրանսիացի պատգամավորները ցեղասպանների գործընկերներն են». Սիմոն Աբգարյան

Ֆրանսահայ հանրահայտ դերասան ռեժիսոր Սիմոն Աբգարյանը բաց նամակ է հղել Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին:

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից ֆրանսահայ ճանաչված արտիստն իր մտահոգությունն է բարձրաձայնում և փորձում «արթնացնել» Ֆրանսիային։

Մի քանի անգամ բաց նամակներով նա դատապարտել է Թուրքիայի մարդասպան նկրտումները և միջազգային անտարբերությունը, այժմ իր նամակում շեշտում է Ֆրանսիայի չեզոքությունը և մատնացույց անում ֆրանսիացի պաշտոնյաների առևտրային կապերն այդ երկրի հետ։

Ձեզ ենք ներկայացնում նամակի հիմնական մասերը.

«Ես ցանկանում էի գրել ձեզ նախորդ շաբաթ, բայց գիտեի ձեր զբաղվածությունը: Արցախում կատաղի մարտերի ավարտից անմիջապես առաջ զբաղված չէիք արդյո՞ք լքված Ադրբեջանին բժշկական օգնություն ուղարկելով: Դա անկեղծ կարեկցանքի գործողություն էր ձեր կողմից, ես կասկած չունեմ, անվիճելի քաղաքական կանխատեսման ժեստ՝ համոզված եմ: Ես էլ ձեզ պես չեզոք եմ մնում և ոչ մի դեպքում չեմ դատի ձեզ՝ Բաքվի մուլտիմիլիոնատեր բռնապետին դիմելու ձեր անհապաղ անհրաժեշտության համար: Երեկ երեկոյան հայկական ուժերի կոտորածից հետո, ովքեր միայնակ կռվել էին թուրքական և ադրբեջանական բանակների և սիրիացի ջիհադիստ այլ վարձկանների դեմ, դուք շտապեցիք օգնություն առաջարկել, բայց այս անգամ՝ հազարավոր արցախցի փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց հազարամյա հայրենիքը: Հետմահու այս օգնությունը շատ ուշ է գալիս, պարոն նախարար, և ես երախտապարտ չեմ ձեզ: Ճանաչում, այլ ոչ թե «մարդասիրական հումանիզմ» անհրաժեշտության դեպքում պետք է նվիրեիք Արցախի ժողովրդին, կամ գոնե պաշտպանեիք այդ գաղափարը:

Ռուս-թուրքական զզվելի թելադրանքից հետո Ալիևը հայտարարեց, մեջբերում եմ. «Ես խոստացել էի, որ կորսանք հայերին՝ ինչպես շների, և արեցի դա»։ Նա արեց դա, և ոչ ոք չմիջամտեց։ Իսկ եթե այդպես է՝ նա կանգ չի առնի։ Հաղթանակի քամուց տարված և իր գեներալ ղեկավար Անկարայի կողմից խթանված՝ նա կցանկանա էլ ավելի առաջ մղել իր առավելությունը:

Չկարողանալով վերականգնել իր տնտեսության նշաձողը՝ նրա մեծ եղբայր և դաստիարակ Էրդողանը հաղթանակի գավաթ էր փնտրում: Ինչպես ցանկացած գիշատիչի, այնպես էլ նրան՝ անհրաժեշտ էր թարմ կտրված գլուխ ճոճել: Իր հուսախաբ ժողովրդին նետելու զոհ։ Մարմին, որը մեխվելու է նրա պանթուրքական փառասիրության պատին: Իհարկե, իր անձնական փառքի համար (քանի որ նա ցանկանում է իր անունը հավերժության դարպասներին փորագրել), բայց նաև իրեն արբեցնող հայերի արյան համար՝ մեր արյան։

Այն հին զայրույթի համար, որը նա չի կարող ճնշել: Այն հին ատելության համար, որը նա չի կարող բացատրել: Հայերի նկատմամբ այս ատելության վերաբերյալ իմ վերլուծությունը հասանելի չէ պատմության որևէ գրքում, այնպես որ մի փնտրեք, այն մեր միայնության մեջ գոռացող վերքերում է»,- նշել է մեր հայրենակիցը։

Թուրքիայի անսահման ատելության և հայերին իսպառ վերացնելու նպատակների մասին խոսելուց բացի, Սիմոն Աբգարյանը Ֆրանսիային հանդիմանել է Թուրքիային հենց իրեն վիրավորելու համար համարժեք պատասխան չտալու համար։ Էրդողանը Ֆրանսիայի նախագահի մասին հեգնանքով և վիրավորանքով է խոսում, բայց նրանք վիրավորանքներին և «սրեր թքող» լեզվին համարժեք պատասխան չեն տալիս։

«Օ՜, ես սիրում եմ լսել թանկարժեք նրբություններ և տեսնել, թե ինչպես են թուրքոֆիլ խորհրդականների լեզուները ոլորվում: Ես սիրում եմ լսել տնտեսական մշուշոտ փաստարկները՝ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության կամ Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամության անդամներից: Բայց ամենից առաջ ես մի օր կցանկանայի լույս սփռել նրանց անպատվության գործընկերների վրա: Նրանք ցեղասպան ընկերությունների փաստացի գործընկերներ են:

Նույնիսկ եթե ֆրանսիացի այս պատգամավորները հրապարակայնորեն ընդունել են 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, կուլիսներում նրանք համբուրում են գլուխ կտրող այս «սուլթանների» ոտքերը։

Տիկնայք եւ պարոնայք գործարարներ, չնայած ձեր անբնական եւ անմարդկային կապերին, չնայած ձեր սրտխառնոց առաջացնող գործարքներին և ձեր բորսայական մոլուցքներին, մենք մեծ հույս ունենք, որ Ֆրանսիան, Ժան Ժորեսի Ֆրանսիան, վերջապես վերածնվի իր մոխիրներից եւ կփրկի մեզ ձեզանից»,- գրել է Սիմոն Աբգարյանը: