Առաքելությունս իմ ազգի մասին պատմելն է. Իվետա Մուկուչյանը Արցախին նվիրված ռեպորտաժ է հրապարակել

Երգչուհի Իվետա Մուկուչյանը օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել:

Ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու համար:

«Իմ առաքելությունը պատմելն է մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի Արցախ… Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին անցյալ ժամանակով:

Հասկանալով, որ աշխարհը լուռ է, ես որոշեցի ներկայացնել եղածն այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է, ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»,- նշել է երգչուհին:

Ավելի վաղ Մուկուչյանը տեսանյութ էր հրապարակել, որում ինքը կատարում էր «Սիրտ իմ սասանի» հոգևոր ստեղծագործությունը Դադիվանք վանական համալիրում: