«Նա պիտ էրթար»․ ռեժիսոր Հայկ Սայադյանը՝ հայկական առաջին անիմեի և Նարինե Դովլաթյանի հետ համագործակցության մասին

Նոյեմբերի 22-ին, կայացավ նկարիչ, անիմացիոն ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր Հայկ Սայադյանի՝ «Նա պիտ էրթար»  անիմեի պրեմիերան, որի սաունդթրեքը կատարել է երգչուհի Նարինե Դովլաթյանը։

Showbiz.am կայքի հետ զրույցում Հայկ Սայադյանը կիսվում է, թե ինչպես իր մոտ առաջացավ առաջին հայկական անիմեն նկարելու գաղափարը, ինչպես նաև պատմում է համացանցում բավականին մեծ տարածում գտած իր՝ «Բմբլահան» շարքի մասին, որը պատերազմական օրերին  ոգևորում էր մարդկանց թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում։

«Անիմեն իմ սիրելի ժանրն է անիմացիայում։ Բնականաբար վաղուց եմ մտածել այդ ժանրը ոչ թե Հայաստան բերելու, այլ ժանրի կանոնները հայկականի և իմ անիմացիայի հետ իդենտիֆիկացնելու մասին։ Հիմա այսպես կես կատակ եմ ասում առաջին հայկական անիմե, բայց փակագծերը շատ չբացելով ասեմ, որ բավականին լուրջ ռեսուրսներ եմ արդեն իսկ ներդնում այդ գործի մեջ »,- պատմում է Հայկը և անդրադառնալով իր ապագա ծրագրերին նշում է, որ բազմաթիվ նախագծեր ունի՝ թե ընթացիկ, թե ապագայի համար, և հավելում,- «Ես անբուժելի լավատես եմ և անուղղելի իրատես»։

Խոսելով ոլորտում տիրող վիճակի մասին՝ Հայկ Սայադյանն ասում է․
«
Այս հարցին թեկուզ երկու տարի առաջ ավելի վատատեսական պատասխան կտայի։ Հիմա ոլորտում շատ մեծ պլյուսներ եմ տեսնում՝ տաղանդավոր և խոստումնալից երիտասարդներ ու թիմեր, որոնք միախմբված են ոչ պակաս տաղանդավոր ու խոստումնալից գաղափարների շուրջ և իրենց մատը պահում են աշխարհի զարկերակի վրա՝ ոչնչով չզիջելով ոլորտում առաջատար երկրներին։ Կարծում եմ՝ պետք է հնարավորինս հզորացնել այդ անհատներին ու թիմերին՝ ոլորտի զարգացումը դարձնելով կարևոր օրակարգ ազգային-պետական գործելակերպի բոլոր կառույցներում»։

Ինչպես նշեցինք, անիմեի սաունդթրեքը կատարում է երգչուհի Նարինե Դովլաթյանը։
Պատմելով իր և երգչուհու համագործակցության մասին՝ Հայկն ասում է․

«Նարինեի երգարվեստին վաղուց էի հետևում, բայց անձամբ ծանոթ չէինք։ Ծանոթացանք այս ամառ, երբ համացանցում տարածվեց իմ ու երգիչ Գևորգ Մարգարյանի «Արի էրթանք» անիմացիոն հոլովակը։ Երբ մտածում էի անիմե ֆիլմիս սաունդթրեքի ստեղծման մասին, միանգամից Նարինեն մտքովս անցավ։ Նրա ձայնը, նրա հեղինակած երգերը շատ համահունչ էին այն ամենի հետ, ինչ ես էի նախատեսել։ Նարինեն էլ իր երգերից մեկն ինձ ուղարկեց, որը շատ հուզեց ինձ

Պատերազմի օրերին, «Բմբլահան» շարքիս զուգահեռ անվերջ մտածում էի այդ երգի մասին։ Ի վերջո որոշեցի չսպասել ու չսպասեցնել հանդիսատեսին։ Ծնվեց անիմացիոն նոր հոլովակը։ Նարինեի համաձայնությամբ՝ «Նա պիտ էրթար իր յարի մոտ » գլխավոր միտքը մեկնաբանեցի յուրովի։ Հոլովակի երիտասարդ աղջիկն իր սիրելիին ճանապարհում էր պատերազմի առաջնագիծ՝ ասելով՝ դու պիտ էրթաս քո յարի մոտ։ Այս պարագայում «յարը» դառնում է հայրենիքը, հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտքը կամ էլ պարզապես՝ անխուսափելի ճակատագիրը։ Համագործակցություն բառը իմ ու Նարինեի դեպքում մի քիչ խորթ է հնչում, որովհետև ամեն ինչ ստացվեց ավելի հեշտ ու ավելի սահուն, քան կարելի էր սպասել։ Ավելին՝ համատեղ այս աշխատանքից հետո մենք մի շատ անգին բան շահեցինք՝ անկեղծ ու շատ հարազատ ընկերություն։ Իսկ առջևում դեռ շատ անակնկալներ ունենք հանդիսատեսի համար՝ ես և Նարինեն »։

Իր հերթին երգչուհին խոստովանում է, թե ինչպես սիրահարվեց Հայկի հեղինակային անիամցիային ու ինչպես արձագանքեց նրա համագործակցության առաջարկին․

«Հայկն ասաց․«Ուզում եմ անիմե նկարել, սաունդթրեք գրեն՞ք միասին»։
Ես էլ ասացի՝ քո անիմեն  վաղուց եմ երգել, մնում է նկարես։
Ուղարկեցի հեղինակային  ամենահոգեհարազատ երգերիցս մեկը և Հայկը սկսեց նկարել.. Ամբողջ ընթացքում կապի մեջ էինք: Կադրեր էր ուղարկում, ու ամեն կադրն այնքան համահունչ էր իմ գրածին և զգացածին, որ ավելացնելու ոչինչ չէր լինում: Անհամբեր սպասում էի ամբողջական տարբերակին, և երբ Հայկն ուղարկեց ու վերջապես նայեցի, հոգիս տակնուվրա եղավ, սիրտս ցավեց, երկուսով նույնն էինք զգում ու իրար մխիթարում, ասես մեր գրածն ու նկարածը չէր։
Այսպես ծնվեց «Նա պիտ էրթար»
անիմեն»:


Նարինեն պատմում է նաև, թե ինչով է նա հիմա զբաղվում և ինչ նորություններ կունենա ապագայում։

«Ծանր շրջան է բոլորիս համար, բայց ուզում եմ հավատալ, որ հետոն լավը կլինի: Մեր ոլորտում էլ դադար էր երկար.. Այս ընթացքում շատ ժամանակ եմ անցկացնում դաշնամուրի մոտ, դաշնամուրի հետ։
Հայերեն և անգլերեն շատ երգեր եմ գրել ու դեռ գրում եմ: Կարծում եմ , որ առավել ևս հիմա ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով և անի հնարավորինս լավ, հնարավոորինս կատարյալ:
Ճիշտ է, կատարելության հասնելն անհնար է, սակայն կատարելության ձգտելու դեպքում շարունակաբար գերազանցելու ենք ինքներս մեզ, որ էինք երեկ
»,- ասում է Նարինեն ու նշում, որ «Նա պիտ էրթար» երգին կհաջորդի նույնի անգլերեն տարբերակը (անգլերեն տեքստի հեղինակը Արմեն Եդիգարյանն է) և նոր անիմե, որը փոքր-ինչ կտարբերվի այս մեկից:

Պատերազմի ընթացքում համացանցում բավականին շատ էին շրջանառվում ռեժիսոր Հայկ Սայադյանի հեղինակային կարճամետրաժ անիմացիոն տեսանյութերը՝ «Բմբլահան» շարքից։ Հայկը պատմում է, թե ինչպես առաջացավ իր մոտ այդ շարքը ստեղծելու մտահաղացումը։

«Դեռևս ամռանը ես նկարել էի «Խոնարհվող Էրդողանը Ծիծեռնակաբերդում» շատ կարճ հոլովակը, որը ևս մեծ տարածում ունեցավ այդ ժամանակ ու տարատեսակ արձագանքների առիթ հանդիսացավ։ Զբաղվածությանս բերումով՝ պատերազմին նախորդող մի որոշ ժամանակ ապաակտիվացել էի սոցցանցերում ու նույնիսկ փակել ֆեյսբուքյան հաշիվս։ Ընկերներիս խորհրդով նորից վերադարձա, որովհետև պատերազմական գործողությունները ծավալվում էին նաև մեդիա դաշտում, որտեղ ես վաղուց արդեն սկսնակ չէի։ Եվ այդպես ծնվեց «Բմբլահան» շարքը, որն իր էությամբ ոչ այլ ինչ էր, քան արագ արձագանք տվյալ օրվա կամ երկու օրերի իրադարձություններին։
«Բմբլահան» -ի որոշ մասեր համեմված էին հումորով, և իհարկե, դա էլ շատ ռիսկային էր՝ նման ծանր օրերին հանդիսատեսին հումոր հրամցնել։ Հանդիսատեսի արձագանքն էլ միանշանակ էր, տարակարծություն չկար, և հասկանում էի, որ բոլորն էլ ունեն այդ հումորի, այդ գեթ մի քանի վայրկյան տևող ծիծաղի ու ժպիտի կարիքը։ Պատերազմական գործողություններին համընթաց էլ նկարվեցին շարքի մնացած մասերը, և եկանք հասանք շարքի վեցերորդ մասին, որը լայն տարածում ու մեծ արձագանք գտավ թե՛ Հայաստանում, թե՛ թշնամական կողմում»։

Սայադյանը պատմում է նաև «Բմբլահան»  շարքի վեցերորդ՝ «Հայի երրորդ աչքը՝ Մհերի Դուռը յուրաքանչյուր հայի ճակատին» ֆիլմի մասին,որը բավականին մեծ իրարանցում առաջացրեց համացանցում․

«Բմբլահան 6-ը» ըստ էության նկարվեց չորս օրում՝ ի տարբերություն շարքի մյուս մասերի,որոնք մեկ կամ երկու օրվա մեջ էին ստեղծվում։ Ներքուստ զգում էի, որ հենց այս հատվածն է մեծ հանրայնություն վայելելու,ու դրան նպաստող շատ բաներ կային։ Սկսած այդտեղ հնչող երաժշտությունից, որը շատ տարիներ առաջ էի գործիքավորել «Վան Փրոջեքթ»-ի հայտնի կատարման հիմքի վրա։ Երբեք չէի մտածի, որ այդ գործիքավորումս հենց այսպիսի առիթով կօգտագործեմ։ Այս հոլովակի հետ կապված շատ գեղեցիկ զգացողություններ ունեմ՝ հանդիսատեսիս արձագանքների առումով։ Թե՛ համացանցում հանրային քննարկումներում, թե՛ անձնական նամակներով ինձ գրում էին հարյուրավոր անծանոթ մարդիկ ու իրենց շնորհակալությունը հայտնում։ Մի նամակով էլ անծանոթ մի զինվոր գրել էր․ «Ախպերս, զորամասում նայել էինք էս կլիպդ, ու առաջնագծում մեկս մյուսիս դուխ էր տալիս հենց զգում էր վախ կա, ասում էր՝ վերև նայի, մեր պապերը մեր հետ հավասար կռիվ են տալիս թշնամու դեմ»։
Էլ ի՞նչ էր ինձ պետք, ասելիքս տեղ էր հասել,ասելիքս ոգևորում էր թե առաջնագծում,թե թիկունքում»։ 

Ռեժիսորը, ով պատերազմական օրերին ամեն կերպ փորձում էր բարձրացնել թե՛ թիկունքում գտնվողի, թե՝ ռազմաճակատում կռվողի ոգին, կիսվում է, թե ինչ ապրումներ ունեցավ, երբ նրան հասավ պարտության բոթը․

«Պարտության բոթը… գուցե պատասխանս շատ իրարամերժ արձագանքներ ծնի, բայց ես դրան վաղուց սովոր եմ։ Ես չեմ կարծում, որ մենք թշնամուն ենք պարտվել։ Մենք ինքներս մեզ պարտվեցինք՝ հերթական անգամ։ Պարտվեցինք մեր սին ամբիցիաներին, պարտվեցինք մեր սին պոռոտախոսությանը, պարտվեցինք մեր սին դյուրահավատությանը, պարտվեցինք մեր սին եսակենտրոնությանը… ու ցավոք՝ նման ցավալի գին վճարելով…
Տասնյակ տարիներ մենք ոչինչ չենք արել ինքներս մեզ խափելուց ու ինքներս մեզանից խափվելուց բացի,իսկ ովքեր, որ հստակ գործ են արել կամ ձեռնարկել, ամենատարբեր մեթոդներով խեղճացվել ու հեռացվել են դաշտից։ Այո, սա մեր պարտությունն էր՝ հենց մեզանից,ոչ թե թշնամուց։ Թշնամուն մենք միշտ հաղթել ենք և դեռ էլի հաղթելու ենք, բայց նախ ինքներս մեզ պետք է հաղթենք,մեր միջի սին որակներին պիտի հաղթենք։ Այս թեմայով որևէ բան բնականաբար չեմ նկարի, կշարունակեմ այն,ինչ միշտ եմ արել՝ նկարել,ստեղծագործել ու միջազգային հարթակներում գրանպրի շահելով Հայաստանիս անունն ու հիմնը հնչեցնել»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան