«Հենց մեր երգը դուրս եկավ, մեր երգի հետ խաղաղություն է լինելու»․ Գոհար Ալավերդյանը և Լևոն Սարգսյանը՝ «Լռեք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մասին

Նոյեմբերի 23-ին կայացավ Գոհար Ալավերդյանի և Անահիտ Շահբազյանի տեսահոլովակի պրեմիերան՝ նկարահանված «Լռեք» երգի հիման վրա։
Երգի խոսքերի հեղինակը հենց Գոհար Ալավերդյանն է, ով Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, որ այն ստեղծելու մտահղացումն իր մոտ առաջացել է պատերազմական դժվար օրերին։

«Մտածված ոչ մի բան չի եղել, անկեղծ ասած։ Այս դժվար օրերից ու հոգեվիճակից գրեցի խոսքեր։ Բառերի հեղինակը ես եմ, և միտք չի եղել այն երգ դարձնելու։ Մի օր ցույց տվեցի Ազատին Մխիթարյան, ով երաժշտության հեղինակն է, և հենց նույն պահին ստեղծվեց համապատասխան երաժշտություն։ Երգեցի։ Ազատը առաջարկեց որ միայնակ չերգեմ, և երգն ուղարկեց Անահիտին, առաջարկեց երգել։ Լսեց, դուրը եկավ և համաձայնեց, ինչի համար անչափ շնորհակալ հմ նրանից։ Ամեն ինչ շատ արագ եղավ։ Որոշեցինք փոքրիկ տեսահոլովակ նկարել, բայց խոսելով համաձայնության գալով՝ նկարեցինք այսպես»,- կսիվում է Գոհարը։

Երգչուհին պատմում է, որ նկարահանման հրապարակում արտառոց դեպքեր չեն եղել, միայն հիշում է, որ չափազանց ցուրտ էր։
«Շատ ցուրտ էր, որովհետև վաղ առավոտից մինչ ուշ երեկո այնտեղ ենք եղել։ Մեկ էլ վերջում բոլորս ծխով էինք պատված»,-ասում է նա։

Գոհարը նաև խոստովանում է, որ կարծում էր՝ այդ երգն իր հետ խաղաղություն է բերելու, բայց երգչուհուն հասավ պարտության բոթը, երբ տեսահոլովակը դեռ մոնտաժային փուլում էր։

«Մենք միշտ ասում էինք, որ հենց մեր երգը դուրս եկավ մեր երգի հետ խաղաղություն է լինելու։ Սակայն մոնտաժային աշխատանքների մեջ էր դեռ տեսահոլովակը, երբ լսեցինք զինադադարի մասին։ Շատ ծանր ապրումների մեջ եմ մինչև հիմա։ Ե՛վ Արցախի մեծ մասը կորցրինք, և՛ այդքան զոհեր ունեցանք, և՛ անհետ կորածներ, գերիներ, որոնց մեջ նաև կային ինձ շատ հարազատ մարդիկ։ Երգով արդեն կոչս և ցանկությունս հայտնել եմ։ Թող խաղաղություն լինի ամբողջ աշխարհում։ Թող աշխարն արթնացնի իր խիղճը և տեսնի, թե ինչ է կատարվում մեր փոքրիկ երկրում։

Նաև ասեմ որ տեսահոլովակը նկարահանվել և մոնտաժվել է ամբողջությամբ անվճար։ Տղաները մեծ սիրով արեցին ամեն ինչ, որ լավ անցնի։ Մտահաղացումը Լևոն Սարգսյանինն էր։ Շատ ուժեղ ու մեծ թիմ էր հավաքված։ Անչափ շնորհակալ եմ աջակցելու համար Ազատին Մխիթարյան, Լևոնին Սարգսյան, Արմենին Սարգսյան, Ջոնին Ջալավյան, որ ջանք չխնայեցին և այս դժվար ու ծանր օրերին կատարեցին մեծ աշխատանք»,-հիշում է Գոհարը։

Գոհարը խոստովանում է, որ նկարահանումների ընթացքում երգչուհի Անահիտ Շահբազյանի հետ ընկերացել է և շփումն անպայման կշարունակի։
Իսկ նոր ծրագրերի մասին խոսելով՝ նա ասում է․ «Աշխատանքներ ունեմ, որ դեռ կիսատ են մնացել և կարծում եմ դեռ դրա ժամանակը չէ։ Թող անցնեն այս դժվար օրերը և կունենամ շատ նորություններ»։

 

Տեսահոլովակի ռեժիսոր Լևոն Սարգսյանը Showbiz.am կայքի հետ զրույցում նշում է, որ իրականում առաջնայինը մտահղացումը չէր:

«Կար թեմատիկ երգ, աղջիկներն էլ առաջարկեցին տեսահոլովակ նկարահանել: Իրենք արդեն եկել էին իրենց տարբերակներով: Առաջարկում էին տաղավարային նկարահանում կամ հերոս տղաների լուսանկարներով տեսահոլովակներ։ Ես առաջարկեցի թեմային ավելի համահունչ ու իրականության իմիտացիայով տեսահոլովակ, ու այսպես ծնվեց հոլովակը»,- պատմում է ռեժիսորը։

Տեսահոլովակը նկարահանվել է բավականին ծանր ու լարված ժամանակներում և, խոսելով դժվարությունների մասին, Լևոն Սարգսյանն ասում է․ «Քանի որ նկարահանվել է Երևանում, իրականում դժվարություններն այնքան շատ չէին, այդ ժամանակ դժվարությունները սահմանին էին: Իհարկե կային աշխատանքը բարդացնող պայմաններ: Եղանակային պայմաններն էին անբարենպաստ, այդ օրը բավականին ցուրտ էր: Պատերազմական իրավիճակ ստանալու համար ստիպված էինք անվադողեր վառել, ինչը բավականին դժվարացրեց թե՛ նկարահանող խմբի աշխատանքը, թե՛ երգչուհիների վիճակը: Իրականում դժվարությունները տեխնիկական էին: Բոլորս էլ հասկանում ենք, որ փորձում ենք անել մի բան, ինչը այս դժվարին պայմաններում կբարձրացնի տղաների մարտական ոգին ու մի փոքր կմեղմի սգավոր ծնողների ցավը։

Ամբողջ նկարահանման ընթացքն էր տպավորիչ, սակայն, հասկանում եք, տրամադրություններն էլ այդ ժամանակ, կարելի է ասել պատերազմական էին, այդ պատճառով չենք էլ հասցրել ֆիքսվել ինչ-որ միջադեպերի վրա, այնպես որ տպավորիչ դեպքեր հիմա դժվարանում եմ հիշել»:

Ռեժիսորը նշում է, որ Գոհարի ու Ազատ Մխիթարյանի հետ սա համագործակցության երկրորդ դեպքն էր, առաջինը՝ «Էլ ո՞վ» տեսահոլովակն է եղել, իսկ Անահիտի հետ առաջին համագործակցությունն էր:

Իսկ ինչ վերաբերում է ապագա ծրագրերին՝ Լևոն Սարգսյանը դեռևս ցանկանում է դրանց մասին չբարձրաձայնել։
«Ապագա պլանների մասին հիմա կլռեմ, նորությունների դեպքում բոլորն էլ կիմանան»,-եզրափակում է իր խոսքը ռեժիսորը։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան