Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն միտված Ադրբեջանի կոչերը

Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» դեբյուտային ֆիլմի շուրջ ծագած քաղաքական շահարկումներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Կաննի և Տալլինի «Սև գիշերներ» փառատոններն իրենց համերաշխությունն են հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին և դատապարտել Ադրբեջանի մշակույթի նախարարության կոչերը, որոնք միտված են ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն։ Տալլինյան փառատոնի կազմակերպիչները դրական են արտահայտվել ֆիլմի մասին՝ նշելով, որ այն պոետիկ ֆիլմ է ազատության և երազանքի մասին, զերծ է ատելության և բռնության կոչերից։ Իսկ Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն գրել է․ «Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս, այն գեղեցիկ բնապատկերների, ժողովրդի և հույսի մասին է։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մեզ ստիպում է տեսնել և հասկանալ այդ ամենը, և սա է կինոյի դերը»։

Հավելենք, որ Տալլինի փառատոնում Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2021թ․ հունվարի 20-ին։

Հիշեցնենք․ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)»,- ասված է կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։