«Ամեն օրս սուգ է եղել». Անահիտ Շահբազյանը` նոր երգերը չներկայացնելու և դժվար ժամանակների մասին

«Ամեն օրս սուգ է եղել ու դեռ շարունակվում է: Ինձ աղոթքներն են ուժ տալիս մի փոքր հուսադրվելու համար»,-Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Անահիտ Շահբազյանը` անդրադառնալով արցախյան պատերազմին:
«Այն, ինչ հնարավոր էր տալ մեր Արցախին, իմ հնարավորության չափով արել եմ ու դեռ պետք է անեմ»,– հավելում է երգչուհին:

Անահիտը նաև նշում է, որ ունի բավականին շատ նորություններ` երգերի տեսքով, որոնք սակայն, մոտ ժամանակներս չի ներկայացնի:
«Ունեմ նոր երգեր, բայց դրանք այս պահին մնացին շատ հետագայի համար: Կարծում եմ հիմա ժամանակը չէ»,- բացատրում է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին կայացավ Գոհար Ալավերդյանի և Անահիտ Շահբազյանի տեսահոլովակի պրեմիերան՝ նկարահանված «Լռեք» երգի հիման վրա։

Պատմելով, թե ինչպես ստացվեց իր և Գոհարի համագործակցությունը` Անահիտ Շահբազյանն ասում է. «Ազատ Մխիթարյանի միջոցով ստացվեց համագործակցությունը Գոհար Ալավերդյանի հետ: Ասեմ, որ շատ հավանում եմ Գոհարի ձայնն ու շատ հաճելի էր աշխատել իր հետ»:  

Ավելի վաղ   Showbiz.am կայքի հետ զրույցում Գոհար Ալավերդյանը խոսոտվանել էր, որ կարծում էին՝ «Լռեք» վերնագրով երգն իր հետ խաղաղություն է բերելու, բայց պարտության բոթը հասավ, երբ տեսահոլովակը դեռ մոնտաժային փուլում էր։
Դրա վերաբերյալ Անահիտ Շահբազյանն ասում է. «Մենք չենք պարտվել, ուղղակի հանձնեցին մեր հողերը: Ես ամեն օր ու ժամ կարծում եմ, որ յուրաքանչյուր զինվոր այնտեղ հերոս է: Այս երգը պատգամ է, այս երգը նաև ողբերգ է, բողոք աշխարհին իրենց լռության համար: Ես այնքան վստահ էի մեր հաղթանակի համար, բայց…»:

Զրույցը Անահիտ Շահբազյանը եզրափակում է` խոսքն ուղղելով մեր զինվորներին ու արցախցիներին. «Սիրելի իմ զինվորներ, իմ արցախցիներ, մենք Ձեր կողքին ենք ու շատ ենք սիրում ձեզ: Պարտական ենք մեր ամբողջ կյանքով մեր զինվորներին, իսկ Արցախը մեր տունն է ու մեր հայրենիքը, այսպես չի մնա, հաղթելու ենք մի օր»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան