Պարտվել է ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել. Դավիթ Հակոբյան (տեսանյութ)

Այն տանը, որտեղ ապրում ենք, փոխանակ փորձենք պահպանել և ավելի գեղեցիկ դարձնենք, ամեն նոր եկող դնում, ամբողջը քանդում է, փորձում է նոր տուն կառուցել. էդպես չի կարելի:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է  բեմադրիչ, դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը:

«Ես ատում եմ հեղափոխությունները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ ինչպես Դոստոևսկին է ասում՝ անիմաստ է, նույնիսկ ամենաառաջադիմական հեղափոխությունը, եթե դրա պատճառով թափվել է գոնե մեկ երեխայի արցունք. ինձ համար անիմաստ է: Անգլիան բոլոր ժողովրդների վզին հեղափոխություն է փաթաթում, բայց իր երկրում երբեք հեղափոխություն չարեց»,- նշել է դերասանը:

Ըստ նրա՝ երկիրն ամրանում է այն ժամանակ, երբ 10 տարին մեկ չեն քանդում և նորից սկսում: «Այսօր շատերը զզվում են մեր ինքնությունից, ասում են՝ էդ ի՞նչ պարեր եք պարում, քռչոտ, գոմոտ պարեր են. իմ պարը դա է, այ քեզ բան, բա ո՞ւմ պարը պարեմ, այ, մենք սկսեցինք ուրիշի պարը պարել, ամեն ինչով ուրիշինը, ընդօրինակեցինք նրանց, էն մեկինը, էն մեկինը՝ մոռանալով, թե մենք ով ենք»:

Հակոբյանի  համոզմամբ՝ առաջացած խնդիրները նոր չեն և սկսվել են դեռ 1918 թվականից, երբ հայը մեծ իմաստություն չունեցավ՝ պաշտպանելու 64 հազար կմ քառակուսի տարածքը և պատերազմելուց, տարածքներ կորցնելու հետո հասկացան, որ բոլշևիկների դեմ պայքարել չեն կարող:

«Աշխարհում ամենակարևոր բանը ձևն է․ ես դերասան եմ, ես դրանում վստահ եմ, եկեղեցու ձևը հանենք՝ եկեղեցին անիմաստ կդառնա, այն, ինչ շատերն ասում են՝ եկեղեցու գաղափարն է հետաքրքիր, ոչ եկեղեցու գաղափարը հետաքրքիր չէ, գաղափարը ես եմ, իմ մեջ է, ես չպետք է եկեղեցի գնամ, որ էդ գաղափարին տիրանամ, եկեղեցին է իմ մեջ: Իսկ գերխնդիրը ո՞րն է.  պահպանել «իմ մեջը», ոչ թե գաղափարը: Այսօր այդ գաղափարը հաղթել է, որովհետև հպարտորեն է պարտվել»,-ասաց նա:

Արտիստը նշեց, որ ռազմական գործիչ չէ, չի կարող ռազմական գնահատական տալ, սակայն գիտի՝ խաբվել ենք, ռազմի դաշտում չենք պարտվել: «Եթե իմ կոչը լսել եք, ապա գիտեք, որ իմ կոչը պարզապես կռվելու կոչ չէր, ոչ, ես շատ պարզ ասել եմ, որ պետք է Աստծուց ուժ խնդրես, որ դիմանաս այն ամենին, ինչն ի վիճակի ես փոխելու ու փոխես, բայց ամենակարևորն էլ պետք է ուզես՝ իմաստություն, որ այդ ամենն իրարից տարբերես: Ուրեմն, մենք իմաստություն չունեցանք, բայց փաստորեն մենք ուժ ունեցանք: 15 օրից ավել թուրքը ոչ մի մետր առաջ չի եկել, ուրեմն, մենք ուժեղ էինք, չէ՞, բայց էդ ուժը խնայել էր պետք, որովհետև այդ ուժը միայն ոգին չէր, այդ ուժը սնել էր պետք, այդ ուժին տիրություն անել էր պետք, ոչ թե հույսներս դնեինք 18 տարեկանի քաջության վրա, քաջաբար զոհվելու վրա, չի կարելի, մենք ավելորդ գլուխներ չունեինք ջարդելու համար: Իմաստնություն չունեցանք, պարտվել է քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել»:

Հակոբյանի դիտարկմամբ՝ չէր կարելի խառնվել այնտեղ, որտեղից գաղափար չունես, իսկ թե ինչի էին խառնելը շատերը՝ չգիտի: Շատ դժվար ժամանակներ են, բայց վստահ է, որ սա ամենադժվարը չէ և պետք է մեր մեջ ուժ գտնենք, մեր ներսը նայենք և այն ինչ չենք կարող անել, ասենք՝ չենք կարող: «Պարզապես ուզում եմ ներողություն խնդրել ինձնից հետո եկած սերնդին, որ չկարողացանք ապահովել մեր սերնդի խաղաղությունը, նորից թողեցինք իրանց վզին, չբաշարեցինք, մեղավոր ենք բոլորս, բայց պետք է նամուս ունենալ ու սա խոստովանել, լուրջ որոշում կայացնել, թե չէ, կառչած մնալ ինչ-որ դատարկ իդեաներից ոչ մի նշանակություն չունի»: