«Ախպերս ու ես». Արմեն Դալլաքյանի ներկայացումը` նվիրված արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին

Նոյեմբերի 29-ին Մետրո թատրոնում տեղի ունեցավ «Ախպերս ու ես» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան, որը նվիրված է արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին:
Պիեսի հեղինակը` ռեժիսոր, դերասան Արմեն Դալլաքյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատում է ներկայացման մտահղացման և ապագա ծրագրերի մասին:

Արմենը նշում է, որ պիեսն իրականում գրվել ու բեմադրվել է Քառօրյա պատերազմից հետո, սակայն այս պատերազմի օրերին ռեժիսորը որոշեց բազմաթիվ փոփոխություններ մտցնել վերջինիս մեջ ու նորովի ներկայացնել այն հանդիսատեսին:
«Ներկայացման մտահղացումն ունեցել եմ դեռ երկու տարի առաջ, գրեցի պիեսը, բեմադրեցի Քառօրյա պատերազմից հետո, այն ժամանակ վերնագրել էի «Մատաղիս»:
Այս տարի, երբ եղավ այս չարաբաստիկ պատերազմը, որոշեցի վերափոխել ու վերնագրեցի «Ախպերս ու ես»` նվիրելով արցախյան այս մեծ պատերազմին»,– պատմում է Դալլաքյանը և հավելում,- «Այս ներկայացումը մենք երկու տարի խաղացել ենք թե՛ Արցախում, թե՛ ՀՀի բոլոր քաղաքներում, բայց covid 19- ի պատճառով մեզ մոտ 10 ամիս դադար էր: Երբ եղավ այս պատերազմը, ես և իմ թիմը, անտեսելով վիրուսը, միահամուռ ձևով կանգնեցինք իրար կողքի և սկսեցինք փորձերը»:

Արմեն Դալլաքյանը պատմում է, որ ներկայացման մեջ ներառել է այս պատերազմից մի շարք դրվագներ:

«Պատերազմի ամեն մի հերոսից վերցրել եմ իր էությունն ու բնույթը: Եթե կհիշեք, այս պատերազմի ժամանակ ռացիայով երգել են նաև ու ամբողջ զորքը լսել է, այդ տեսարանն էլ եմ ներգրավվել ներկայացման մեջ:
Շեշտը դրել եմ այն բանի վրա, որ նախ մենք պետք է կանգնենք թիկունքում ու պահպանենք մեր ազգայինը, մեր մշակույթը, կրոնը, հոգին, հայրենասիրությունը:
Մենք չենք պարտվել: Մենք դիմակայել ենք թշնամու ոճրագործություններին` ի շնորհիվ մեր հերոսների, մենք չենք պարտվել, որովհետև սահմանին առյուծներ են եղել` սկսած 18 տարեկանից ու վերջացրած կամավորներով»,– ասում է ռեժիսորը:

Անդրադառնալով պատերազմի ընթացքում իր գործունեությանը` Արմենը պատմում է, որ ինքն էլ ակտիվ ներգրավված է եղել արցախցիներին ուղղված բարեգործական ծրագրերում:
«Ես թիկունքում արցախցիներին էի օգնում բարեգործական բոլոր միջոցառումներով և ուրախ էի, որ տանս հյուրընկալել էի 10 արցախցու, որոնց հետ բարեկամություն ձեռք բերեցի»,- կիսվում է նա:

Իր խոսքը Արմեն Դալլաքյանը եզրափակում է` պատմելով ապագա ծրագրերից. «Կան ապագայի համար բազում նախագծեր: Այս ներկայացումը Երևանում դեռ կխաղանք 4 սեանս, այնուհետև կմեկնենք քաղաքից դուրս` հյուրախաղերի: Հրավերներ ունենք նաև Ռուսաստանում ու Եվրոպայում»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան