«Համացանցում հայհոյանքը դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում, դա մեզ պետք չէ». Արամե

Երգիչ Արամեն ֆեյբուքյան իր էջում դիմել է հետևորդներին՝ կոչ անելով համախմբված լինել: Երգիչը հորդորել է լինել հանդուրժող միմյանց նկատմամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ:

Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների:
Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․
Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․
Ստանալով ինչ-որ ինֆորմացիա մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, և ինչու՞ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:
Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»,- գրել է Արամեն: