Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը. Հրանտ Թոխատյան

Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսի հետ ենք այսօր խոսել, որն ասաց՝ երբ դեսպանից պատասխան ստանա մեզ հետ հանդիպման համար, անմիջապես մեզ կասի, միգուցե գնալու ժամանակ տան մեր նամակի պատասխանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Հիշեցնենք, որ արվեստագետները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին ևս հանձնեցին իրենց նամակը:

Նշենք, որ  մտավորականներն արդեն եղել են ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ և հանձնել են նամակներ, որում խնդրում են աջակցել հայ գերիներին և անհետ կորածներին վերադարձնելու հարցում։

«Նամակը հանձնեցինք, ասացին, որ նամակը կփոխանցվի դեսպանին և ասացին՝ դեսպանի ծանոթանալուց հետո պատասխանը կուղարկեն մեզ»,- ասաց Թոխատյանը:

Համացանցում քննարկվող այն հարցին, թե մտավորականների ակցիան ուղղորդվածություն ունի, արտիստը արձագանքեց, որ այստեղ ուղղորդվածություն չի կարող լինել, քանի որ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին:

«Այս հարցում չի կարող ուղղորդվածություն լինել, քանի որ սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորիս, մեր հանրապետությունում կա՞ մեկը, որը չի մտահոգվում այս հարցով, որ մեր գերիները վերադառնան կամ այնտեղ գտնվող տղաները, որոնք ողջ են, օր առաջ այդ տարածքներից դուրս բերեն, փրկեն, դիերը, բնականաբար, վերադարձնեն իրենց հարազատներին: Ես չեմ հասկանում, թե սրա մեջ ինչ կա, որ կարող են երկար փորել ու ինչ-որ պոզեր կամ պոչեր գտնել»,-ասաց նա:

Թոխատյանը նշեց, որ նաև բարձրաձայնել են այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ տարածքները հանձնելու հստակ օր է նշանակված, բայց գերիների փոխանակման, մարմինների փոխանակման մասով ոչինչ հստակ չէ: Ըստ նրա՝ ամենավրդովեցուցիչ հարցը սա է: «Ո՞նց կարելի էր ամեն սանտիմետրը մեր սրտից պոկել, նրանց տալ, իսկ մարդկանց, մեր զավակներին, մեր եղբայրներին այդպես թողել բախտի քմահաճույքին»:

Հարցին, թե արդյո՞ք կազմակերպված քայլերը նշանակում են, որ մտավորականներն այս հարցով չեն վստահում Կառավարությանը, Թոխատյանը պատասխանեց. «Քանի՞ օր է անցել ստորագրված փաստաթղթից, ունե՞ք գոնե մեկ վերադարձած գերի, ունե՞նք, չէ, ուրեմն, եկեք շարունակենք մեր անելիքը և միգուցե՝ մենք էլ կարողանանք մի կաթիլ ավելացնել այն գործընթացին, որը, հուսով եմ՝ արվում է, մենք փորձում ենք չխանգարել, ընդհակառակը՝ բերում ենք մեր օժանդակությունը»:

Թոխատյանը նաև նշեց, որ երբ այստեղ նշված պահանջով հավաքներ են  տեղի ունենում, նույնը նաև կատարվում է ԱՄՆ-ում, ՌԴ-ում և եվրոպական մնացյալ երկրներում, որտեղ հայկական համայնքը միախմբվում է և սպասում են պատասխանին: