«Դեռ երկար ժամանակ պետք կլինի լիարժեք վերականգնվելու համար»․  «Նեմրա»-ի մենակատարը՝ վիրավոր զինվորներին ուղղված համերգ-դրամահավաքի և դժվար ժամանակների մասին

«Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանը, ով պատերազմի ընթացքում ներկայացրեց «Երնեկ թե այս Նոր տարին» երգը, ինչպես նաև հանդես եկավ համերգ-դրամահավաքով՝ ուղղված արցախյան պատերազմում վիրավորված զինվորների օգնությանը, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմեց այդ նախագծերի, դժվար ժամանակների, ինչպես նաև ապագա ծրագրերին խանգարող հանգամանքների մասին։

Վանը պատմում է պատերազմի ընթացքում տեղի ունեցած Armenia Vibes-ի յուրահատուկ և կարևոր նախաձեռնության՝ համերգ-դրամահավաքի մասին, որի ամբողջ հասույթը գնում է վիրավոր զինվորների բժշկական աջակցությանը։

«Armenia Vibes-ը շատ յուրօրինակ նախագիծ է, համերգ-դրամահավաք, որն ուղղված է վիրավոր զինվորների բուժմանը: Գլխավոր կազմակերպիչը «Բամբիռ» խմբի վոկալիստ և կիթառահար Նարեկն է: Հենց նա էլ մեզ հրավիրեց, մեծ սիրով համաձայնեցինք, չնայած որ բացարձակ տրամադրված չէինք ելույթ ունենալուն այդ օրերին (նկարահանումն արվել է պատերազմի ընթացքում), բայց քանի որ բարեգործական էր փորձեցինք մենք էլ մեր ներդրումն ունենալ: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված և շատ կարևոր նախագիծ է: Փորձեցինք ընտրել մեր այն երգերը, որոնց թեմաները հիմնականում համընկնում էին ներկա իրավիճակին: Հուսով եմ կարողացանք մի օգտակար բան անել»,- ասում է Վանը:

Պատերազմի ընթացքում երգիչը նաև կատարեց «Երնեկ թե այս Նոր տարին» հայտնի երգը, որը բավականին մեծ տարածում գտավ այդ շրջանում ու սիրվեց երկրպագուների կողմից։

««Երնեկ թե այս Նոր տարին» իմ շատ սիրելի երգերից մեկն է, որի բառերի հեղինակը Ռափայել Պատկանյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Ռուբեն Հախվերդյանը: Այս օրերին անընդհատ մտքումս երգում էի այդ երգը և որոշեցի ներկայացնել նաև հանդիսատեսին: 2 դար առաջ գրված այդ տողերը հիմա էլ արդի են, ցավոք սրտի, և հայ ազգը նույն դժվարությունների ու ցավի միջով է անցնում»,- նշում է նա:

Արտիստը նաև անդրադառնում է կորոնավիրուսի ու դրա հետևանքով առաջացած խնդիրներին, հետաձգված ծրագրերին՝ հույս հայտնելով, որ մի օր ամեն բան կրկին կկարգավորվի։

«Այս տարի կորոնավիրուսից առաջ էլ ամբողջ ձմեռ՝ կախված եղանակային պայմաններից համերգներ չէինք ունենում հետո էլ վրա հասավ կորոնան, հիմա էլ պատերազմը: Իհարկե այս ոլորտի մարդկանց համար ֆինանսական տեսանկյունից առավել ծանր տարի էր, բայց կարծում եմ պատերազմից հետո, այսքան մարդկային կորուստներից հետո, կոռեկտ չէ ֆինանսներից առհասարակ խոսել, պետք է փորձենք ոտքի կանգնել առանց տրտնջալու, դեռ չգիտեմ՝ ինչպես կլինի, անորոշ, քաոսային շրջան է:

Շատ նախագծեր կան, տարբեր երկրներից հրավերներ ունեինք, մի քանի տեսահոլովակ պետք է նկարեինք, նոր երգեր ձայնագրեինք, այդ ամենին մի օր նորից կվերադառնանք, այս պահին ոչ տրամադրություն ունենք, ոչ էլ միջոցներ:
Ես վստահ եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է: Ու դեռ երջանիկ ժամանակներ են գալու մեր երկրում
»,- կիսվում է երգիչը:

Իր խոսքը Վանը եզրափակում է խոսելով այս դժվար ժամանակների մասին, խոսքն ուղղելով մեր ժողովրդին․ «Անկեղծ ասած, դեռ չենք հաղթահարել այս դժվար ժամանակաշրջանը, դեռ երկար ժամանակ պետք կլինի լիարժեք վերականգնվելու համար: Մեր ժողովրդին միայն կարող եմ ասել, որ պետք է իրար շատ սիրենք ու փայփայենք, միայն սիրով ու իրար թիկունք լինելով կարող ենք հաղթահարել այս ամենը»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան