System of a Down-ը նոր երգերի շնորհիվ մոտ 1 միլիոն դոլար է հավաքել Հայաստանի համար

System of a Down խմբի մենակատար, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը նշել է, որ խումբն իր երկու նոր երգերի՝ «Protect The Land»-ի եւ «Genocidal Humanoidz»-ի շնորհիվ մոտ 1 միլոն դոլար է հավաքել Հայաստան համահայկական հիմնադրամի համար, որի հասույթը տրամադրվելու է Արցախին եւ Հայաստանին: Այս մասին գրում է iheart.com կայքը՝ մեջբերով Թանկյանի՝ կալիֆորնիական NBC-ին տված հարցազրույցը, որում հայազգի երաժիշտը շեշտել է, որ խմբի նոր երգերը ոչ մի կապ չունեն նրանց վերամիավորման հետ:

«Մենք որոշեցինք թողարկել այդ երգերը, որպեսզի հարցազրույցների միջոցով ուշադրություն հրավիրեինք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից՝ արցախահայության դեմ ուղղված ոճրագործություններին, նաեւ անհրաժեշտ գումարային օժանդակություն հավաքելու համար: Այնպես որ՝ այս ամենը չենք արել մեր երաժշտական կարիերայի համար, սա մեր խմբի համար չի արվել, սա մեր մասին չէ, այլ բոլորովին այլ բան»:

Թանկյանը նաեւ հավելել է, որ խմբի անդամներով պատրաստ են այլ աճուրդներ էլ կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի:

«Երաժշտությունը մի շարք հրաշալի հնարավորություններ է ընձեռում՝ մարդկանց զվարճացնելուց, մինչեւ լավ զգացողությունների փոխանցում: Բայց ես, հատկապես, իմ ուշադրությունը սեւեռում եմ երաժշտության այն կողմի վրա, որն ինձ առաջ է մղում եւ մարտահրավեր նետում՝ արդարությունը բարձրաձայնելու: Ես գնահատում եմ այն արտիստներին, որոնք նման մոտեցում են ցուցաբերում, այդպիսին են  նաեւ System of a Down-ի աշխատանքների մեծամասնությունը, եւ ես կարծում եմ՝ մեր երկրպագուները գնահատում են մեր այդ սկզբունքը»,-նշել է Թանկյանը: