Նարինե Աբգարյանի «Զուլալին» թարգմանվել է հայերեն

Դեկտեմբերի 10-ին հայերեն լույս կտեսնի Նարինե Աբգարյանի «Զուլալի» պատմվածքների ժողովածուն։

«Գրքում երկու պատմություն և  պատմվածքներ են: Առաջին պատմությունը, որի անունով նաև գիրքն է կոչվում, կարծես մոգական ռեալիզմ լինի: Ինձ թվում է, թեեւ անհարմար է նման բաներ ասելը, բայց այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես: Այդ գրողներին շատ եմ սիրում»,- նշում է Նարինե Աբգարյանը:

«Զուլալին», գրողի խոսքով, մի ընտանիքի պատմություն է: Գլխավոր հերոսներն են մի տղա և երկու կանայք, որոնց հետ ապրում է նա: Կանանցից մեկի անունը Զուլալի է:
«Գործողությունները պայմանականորեն տեղի են ունենում Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը համամարդկային է: Գրքում կա մեկ այլ պատմություն: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հայկական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան՝ աշխատելու, մնում են ծերերը, կանայք եւ երեխաները»,- նկարագրում է հեղինակը։

Գրքի նկարազարդող Լիլիթ Ալթունյանը կարծում է, որ «Զուլալին» իրական կյանքից մի պատառիկ է, որի մեջ մխրճվում ես՝ մոռանալով քո իրականությունը ու սկսում ես ապրել ամեն մի հերոսի կյանքով։

«Տառապում ես, փշաքաղվում ես, քրքջում ես, ափսոսում ու խղճմտում ես:Ազնվությունն ու անարդարությունը բոլոր կողմերից տեսնելով՝ դուրս ես գալիս մի կարեւոր բան գտած»,- կարծում է Լիլիթը։

Գրքի թարգմանիչ Նարինե Գիժլարյանընշում է, որ «Զուլալին» պատմվածքների ժողովածու լինելուց զատ, բացահայտում է Նարինե Աբգարյան գրողին.«Շատ սիրուն, հայկական, թախծոտ ու բարի պատմություններ են: Հայերենը շատ է ներդաշնակում այդ մթնոլորտին, ապրումներին, հերոսներին: Նարինեն հայերեն լավ է հնչում, ներսումդ արձագանքում»։

Գիժլարյանն ասում է, որ Աբգարյանը մինչ գրքի տպագրվելը չի ծանոթանում թարգմանություններին.«Նախընտրում է հաճելի անակնկալի էֆեկտը՝ դրանով ուժգնացնելով կանխավայելքը՝ «երեխայի սեռն» իմանալով միայն նրա ծնունդից հետո. հայերեն տարբերակը միանգամից կարդում է տպագրված գրքով»։