«Ճայը» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ՝ Կոսմոս անվանակարգում». Մանե Բաղդասարյանը` ֆիլմի և ապագա ծրագրերի մասին

Հայ ռեժիսոր Մանե Բաղդասարյանի «Ճայը» ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ՝ Կոսմոս անվանակարգում» Գագարինի անվան վավերագրական փառատոնում: Ժյուրիի կազմում եղել են հենց լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինի համակուրսեցիները:

«Յուրի Գագարինի անվան «Գագարին.Դոկ» վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի ընթացքում մրցանակ են հանձնում մարդիկ, ովքեր Գագարինի հետ նույն ժամանակաշրջանում թռել են տիեզերք և վերադարձել: Այս մրցանակը ես համարում եմ հենց տիեզերքից եկած: Կինոփառատոնը նաև երիտասարդ տիեզերագնացների համար է. հիանալի հարթակ գիտական հոդվածներով ներկայանալու, այնպես որ սա գիտության և արվեստի կենտրոն է»,-  Showbiz.am-ի հետ զրույցում ասում է ռեժիսոր Մանե Բաղդասարյանը:

Պատմելով «Ճայը» ֆիլմի մասին ռեժիսորը նշում է. «Այս ֆիլմն արդեն երկու տարեկան է: Ժամանակը արագ է թռչում, սակայն այն շարունակում ենք ցուցադրել տարբեր երկրներում: Նկարահանվել է իմ և պրոդյուսերիս՝ Արարատ Գրիգորյանի կողմից: Այն Անտոն Չեխովի նույնանուն պիեսից հայտնի մոնոլոգի հիման վրա է նկարված: Մեզ միավորում էր տիեզերքը և Չեխովը: Միացրինք գաղափարները և ստացվեց այս ֆիլմը»:

Ռեժիսորը խոստովանում է, որ ֆիլմը ստեղծելիս երբեք չի նախատեսել, որ այն կցուցադրի փառատոններում. կարծում է, որ նման նպատակով ֆիլմ ստեղծելն ամենավատ ճանապարհն է:
«
Ֆիլմը ստեղծում ենք մեզ համար, հայ արվեստասեր հանդիսատեսի, կինոսեր մարդկանց համար»,- ասում է նա:

Անդրադառնալով ֆիլմի ընթացքում առաջացած դժվարություններին ու ֆինանսական խնդիրներին` Մանեն ասում է. «Դժվարություններ չեն կարող չլինել, քանի որ յուրաքանչյուր ֆիլմ ստեղծողի համար կյանքի շրջան է, և ապրել առանց դժվարության այդ ֆիլմի հետ՝ անհնար է:  

 Ֆիլմը նկարահանել ենք ոչ մեծ միջոցներով: Մենք նպատակահարմար ենք գտել որակը ապահովել հետաքրքիր լուծումների, սցենարի ու ամենակարևորը՝ ասելիքի մեջ»:

Մանեն դժվարանում է պատասխանել այն հարցին, թե որն է իր ֆիլմի առանձնահատկությունը, նա խոստովանում է, որ ֆիլմը նկարահանելիս, պարզապես,  եղել է առավելագույնս անկեղծ:

Այս տարի ռեժիսորրը նաև «Շապիտո» ֆիլմով մասնակցել է Բրոդվեյի միջազգային կինոփառատոնին, նաև այլ հարթակներում է ներկայացրել Հայաստանը, ստացել է մրցանակ «Եվրազիադոկ» կինոփառատոնից «Ճայը» ֆիլմի համար: Հիմա, արդեն մի քանի ամիս է, ինչ նա նոր ֆիլմ է նկարահանում Արարատ Գրիգորյանի հետ: Ֆիլմը բժշկական թեմայով է լիելու:

Այն պատմում է ապրելու, մարդկային հույզերի, հոգու և մարմնի կապի, վիրահատական սեղանի ու կյանքի շրջապտույտի մասին: Ֆիլմը, ամենայն հավանականութամբ, հաջորդ տարի կներկայացվի հանդիսատեսի դատին:

«Մեր օրերում կարծրատիպեր կան, որ բարդ հիվանդությունները անբուժելի են։ Ես ամեն օր տեսնում եմ և նկարահանում այս ֆիլմում մարդկանց, ովքեր հաղթող են դուրս գալիս և լավատեսություն սփռում իրենց շուրջը»,-ասում է նա:

Մանեն նաև բացատրում է, թե ինչու ֆիլմ չի նկարահանի պատերազմական թեմայով. «Երբ ինքդ հայտնվում ես պատերազմում, արդեն իսկ կինոյի մեջ ես, և չես ցանկանում նկարահանել ֆիլմ, քանի որ այն դաժան է, տհաճ: Դա իմ տեսակետն է: Ինքս, ինչպես բոլորս, պատերազմի մեջ էի: Ընթացքում էլ անգամ հաջողություններ էի ունենում կինոյում, սակայն, կարծես այդ ֆոնին լիարժեք չէի գնահատում դրանք»:

Իր խոսքը ռեժիսորը եզրափակում է` ասելով, որ նոր ծրագրեր շատ ունի. «Մեր երկրին հիմա պետք են բոլոր ոլորտներում աճ և զարթոնք: Ինքս պատրաստ եմ իմ ոլորտում առաջխաղացնել կինոն և Հայաստանը շարունակել ներկայացնել այլ երկրներում»:  

Հեղինակ` Տաթևեր Լազարյան