«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը իրականացնում է «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին, Նկարիչների միության մեծ դահլիճում և կգործի մինչև դեկտեմբերի 10-ը:

Գաղափարի հեղնակը «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ Էռնա Ռյազովան է, ով լսելով հոլանդացի վարպետ Պիտեր Բրեյգել Ավագի «Գլխիվայր աշխարհը» նկարների մասին, որոնցում նա ներկայացրել է ավելի քան հարյուր ֆլամանդական առած-ասացվածք, մտածել է` ինչու չիրականացնել նման մի նախագիծ այստեղ:

Էռնա Ռյազովան հիշում է, որ երբ արդեն առանձնացրել էին ասացվածքները, գտել էին նկարիչներին ու նրանց ապահովել անհրաժեշտ նյութերով, սկսվել է պատերազմը, ու նկարիչներից շատերն էլ մեկնել են առաջնագիծ:
Էռնա Ռյազովան նշում է, որ օգտվել են Արամ Ղանալանյանի «Հայկական առածանի» ժողովածուից, որում ավելի քան հազար ասացվածք կա, նախագծի անվանումն էլ փոխառել են նրա գրքից:

ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը համոզված է՝ մշակութային կյանքը երկրում պիտի շարունակվի, արվեստն ու մշակույթը պիտի ապրեն՝ պահպանելով ազգային դիմագիծն ու արժեքները:
Ծրագրին միացել է նաև «Մենք ենք» բարեգործական հիմնադրամը, որը նախաձեռնել է դրամահավաք՝ ուղղված Արցախի վերականգնման գործին։ Տուն, ճանապարհ, կամուրջ, պաշտպանական կառույց, թե մշակութային կոթող, կվերակառուցվի նկարների վաճառքից և հանգանակություններից գոյացած միջոցների հաշվին՝ ճարտարապետ, «Մենք ենք» հիմնադրամի ԱՄՆ ներկայացուցիչ Ավիկ Էլոյանի գլխավորությամբ:
Էլոյանն ասում է, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 19։00-ին «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանում տեղի կունենա գալա-ընթրիք, որի մուտքը կարժենա 50,000 դրամ։ Բոլոր ուտեստները պատրաստելու են արցախցի կանայք, այդպիսով գումար վաստակելու հնարավորություն կստեղծվի նրանց համար:

Հարյուր կտավ, որոնց միայն չափն է միանման ու հստակ սահմանված։ Մնացած բոլոր առումներով դրանք չափազանց տարբեր են։ Հաճախ նկարիչների միտքն այնքան հեռու է գնացել ասացվածքները պատկերելիս, որ նրանք երկրորդ անվանում են տվել իրենց աշխատանքին, ինչպես, օրինակ, երիտասարդ նկարիչ Կարապետ Հաջի-Ասլանյանը։ Վիճակահանության արդյունքում նրան բաժին է ընկել «Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չհավատացին» ասացվածքը, բայց նա իր կտավը նախընտրում է վերնագրել «Երազանքներիս թեյը»։