«Մեր ժողովրդի հասարակական գիտակցության մեջ ձևավորվել են որոշ վատ գծեր, որոնք վեր են ածվել օրինաչափության». Էդգար Իգիթյան

Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում արել՝ անդրադառնալով ժողովրդի մեջ առկա բացասական գծերին և նշել, որ պետք է ձևավորել հայեցի ազգային կերպի յուրատեսակ նմուշ:

«Այսօրվա մեր ժամանակներում մեր ժողովրդի հասարակական գիտակցության մեջ ձևավորվել են որոշ վատ գծեր, որոնք վեր են ածվել օրինաչափության: Այդ գծերն են` անտարբերություն, մեծամտություն, կուրացնող շահամոլություն, դրամի «պաշտամունք», փողի և ուժի գերակայություն, կաշառակերություն, կոռուպցիա, անօրինականություն, օրենքի, կարգուկանոնի անտեսում, ամենաթողություն, անպատասխանատվություն, անպատժելիություն, հովանավորչություն, անբարոյականություն, առհամարհանք դիմացինի նկատմամբ, մուրացկանություն, բամբասանք, նախանձ, լկտիություն և սանձարձակություն, սոցիալական անարդարություն, արդարադատության բացակայություն:

Այս բացասական երևույթների պատճառով էլ ժողովուրդը հիասթափվում է, կորցնում հույսը և հավատը ապագայի հանդեպ ու հեռանում է նեղացած: Այ այս իրավիճակն արդեն թուլացնում ու անհուսալի է դարձնում թե՛ մեր ազգային և թե՛ մեր պետության ու պետականության հիմքերը:

Ի՞նչ անել և ինչպե՞ս անել:

Նախ՝ հարկավոր է ձևավորել հայեցի ազգային կերպի յուրատեսակ նմուշ, չափանիշ, նորմ (մարդու նկարագիրը), որը պետք է պարտադիր լինի յուրաքանչյուր հայի կենսակերպի մեջ, լինել ճիշտ և ազնիվ մարդ, լինել հայ մարդ՝ վերադարձնելով մարդու բարձր կոչումը:

«Հայ մարդու» նկարագիրը՝ ազնվություն, բարություն, բարեգործություն, հարգանք դիմացինի և շրջապատի հանդեպ, համեստություն, չափավորություն, թույլին օգնելու ցանկություն, քաղաքավարություն, անհատական կուլտուրա, դիմացինին լսելու կարողություն, հանդուրժողականություն, բարոյականություն, հայրենասիրություն, աշխատասիրություն, օրինապահություն, անձնազոհություն, ամուր հավատ հոգևոր և ազգային ակունքների հանդեպ (մաքուր խիղճ և հոգի), ինքնասիրություն և ինքնակրթում, ամուր ֆիզիկական, հոգևոր և կամային տվյալների ձևավորում»,- գրել է նա:

Ավելի վաղ Էդգարը մեջբերել էր Գարեգին Նժդեհի խոսքերը՝ գրելով, որ ազգերի իրական թշնամին իրենց տականքներն են: