Արցախցի Միշան պատերազմի մասին իր նոր երգի շուրջ համագործակցում է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ

«Արցախի ձայները» խմբի պատանի երգիչ Միշան (երգիչն այժմ հանդես է գալիս Michel Grig անվամբ), որը հայտնի է նաեւ «Նոր Ալիք», «Մանկական Եվրատեսիլ» և ռուսական «Голос Дети» նախագծերին իր մասնակցությամբ, շուտով նոր աշխատանք կներկայացնի, որի շուրջ համագործակցում է Արցախյան պատերազմն ակտիվորեն լուսաբանած լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ:

«Արցախում տիրող իրադարձություններն, իհարկե, մեծ ազդեցություն են ունեցել Միշայի վրա… Նրա եղբայրն ու հայրը պատերազմի օրերին եղել են առաջնագծում, պատերազմին մասնակցել են նաեւ «Արցախի ձայներ» խմբի իր ավագ գործընկերները… Միշայի ներսում բավական շատ էմոցիաներ են կուտակվել, եւ նրա ցանկությունն էր ստեղծել մի երգ, որն այդ օրերի ու ապրումների մասին է: Ամեն բան ինքնուրույն է փորձում անել, անգամ գործիքավորումը: Այժմ նա Մոսկվայում է, մի քանի նախագծերի շուրջ աշխատում է մեր գործընկերոջ` W-Music International-ի հետ»,-նշեց պրոդյուսերը` հավելելով, որ հենց տվյալ երաժշտական ընկերության մտահաղացումն է եղել երգի աշխատանքներում ընդգրկել նաեւ Պեգովին:

«Երգի մեջ կա ռեփի հատված, եւ մեր գործընկերներն առաջարկեցին, որ այդ հատվածը Պեգովը կարդա»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է «Արցախի ձայներ» խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը:

Michel Grig-ի ու Պեգովի հանդիպումը Մոսկվայում արդեն կայացել է, նախագծի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, սակայն առայժմ դեռևս քննարկումների փուլում են։