Մեր անելիքն է լինել խղճին հավատարիմ, դուրս գալ փողոց և անել այն, ինչի հետևանքով իրադրությունը կփոխվի. Լուիզա Ղամբարյան

Հիմա պետք է յուրաքանչյուրն իր խղճի պահանջով ներկայանա «Արժանապատվության երթին» և միանալու համար կոչ անելու անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Հարցին, եթե Կառավարության անդամները հանրության կոչին չհետևեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, դերասանուհին նշեց որ կոչերից բացի, պետք է լինի որոշակի ճնշում:

Լուիզա Ղամբարյանը նշեց, որ մշակութային գործիչներ ևս պետք է մասնակցեն երթին. «Ովքեր այստեղ չեն, կարծում եմ՝ կտրուկ չեմ լինի, եթե ասեմ, որ պատասխանատվություն են կրում նոյեմբերի 9-ի խայտառակ ստորագրության համար»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ թեև խաղաղության հայտարարագիրն ստորագրվել է, սակայն տեղային մարտերը շարունակվում են և զինվորները շարունակում են գերեվարվել և զոհվել, դերասանուհին նշեց, որ դա ևս մեկ անգամ նշանակում է, որ մենք պետություն չունենք։

«Մեր անելիքն է լինել խղճին հավատարիմ, դուրս գալ փողոց և հանրային ճնշումների ներքո անել այն, ինչի հետևանքով իրադրությունը կփոխվի: Յուրաքանչյուրս պետք է տեր լինենք այն ամենին, որովհետև յուրաքանչյուրս ենք պատասխանատու: Ուզում եմ յուրաքանչյուրը ֆեյսբուքից դուրս գա իրական աշխարհ, ու դառնանք իրական ժողովուրդ»: