Հենց հիմա բերման են ենթարկում Շուշան Պետրոսյանին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով հենց հիմա բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։
Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։
Սա բացարձակ ապօրինություն է»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը։ Վերջինս ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ըստ տարածված տեղեկության՝ Շ․Պետրոսյանը հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով Լուրեր.com-ը կապ է հաստատել երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, ով չի հերքել տարածված տեղեկությունը. «Մտա իմ տան կողքի խանութ՝ գնումներ կատարելու, ինչպես միշտ: Հայտնվեց մի կին և հայտարարեց, թե դավաճանները ինչ գործ ունեն մեր խանութում, ինձ անվանեց թալանչի, երկիրը ծախող, երկրորդ և երրորդ նախագահների ստրուկ, ասաց այնպիսի բաներ, որ ուղղակի շատ ամոթ է, և արդյունքում եղավ փոքրիկ միջադեպ»,- ասել է երգչուհին:

Ըստ վերջինիս՝ այդ միջադեպի մեղավորը միմիայն Նիկոլ Փաշինյանն է. «Ազգի մեջ ատելություն սերմանելով և պառակտություններ մտցնելով՝ ես չգիտեմ՝ ինչի հասավ ինքը: Անհարիր վերաբերմունք է, երբ դու մի երկրին այսքան սիրում ես ու նվիրված ես քաղաքին, հանգիստ մտնում ես քո փողոցի վրայի խանութը ու հանկարծ ինչ-որ մեկը մտնում է այդ խանութ ու այդպես անպատկառ է պահում իրեն: Այնքան կուտակված ատելություն կար այդ կնոջ մեջ, որ գուցե չէր էլ գիտակցում, թե ինչ է անում»,- նշել է Շուշան Պետրոսյանը: