«2020-ն իմ ծրագրած ամենալավ տարին պետք է լիներ, եղավ ամենավատը»․ Վլադիմիր Պողոսյանը՝  նոր տեսահոլովակի ու պատերազմի մասին

Երգիչ Վլադիմիր Պողոսյանը ներկայացրել է «Ով հայոց մայրեր» երգի հիման վրա նկարահանված իր տեսահոլովակը։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը պատմել է Սրբուհի Քեքեջյանի հետ իր համագործակցության, տեսահոլովակի մասին, ինչպես նաև մեզ հետ կիսվել, թե ինչու է որոշել այլևս երբեք ծրագրեր չկազմել ապագայի համար։

« «Ով հայոց մայրեր» երգը Սրբուհի Քեքեջյանի հեղինակային երգն է: Բնականաբար հեղինակային իրավունքները չխախտելով, կապ հաստատեցի Սրբուհու հետ, ով սիրով համաձայնեց, դրանից հետո որոշեցի ունենալ վիդեո տարբերակ, ամեն ինչ շատ արագ է որոշվել ու մի շնչով: Իրավիճակն էլ նպաստեց երգի ու տեսահոլովակի իրականացմանը»,- պատմում է Վլադիմիրը։

Երգիչը հիշում է, որ նկարահանման գլխավոր դժվարությունը հանդիսացել են եղանակային պայմանները․«Շատ ցուրտ էր, անտանելի, սակայն պետք էր ցույց չտալ, որ դողում ես ցրտից։ Պետք էր կենտրոնանալ, որ ամեն ինչ հոգեվիճակին համապատասխան ստացվի»:

Խոսելով պատերազմի ու դրա հետևանքով առաջացած դժվարությունների ու սպիների մասին՝ Վլադիմիրն ասում է․ «Ես դեռ չեմ հաղթահարել այս վիճակը, ես դեռ փորձում եմ համակերպվել իրավիճակի հետ ու էլի չի ստացվում, ես չեմ ընդունում պարտությունը: Ունեի մտերիմներ առաջնագծում, բնականաբար գերլարված ու անքուն օրեր ենք ունեցել, ու մինչև օրս դեռ շատ լարված ենք, կարծում եմ՝ յուրաքանչյուր ադեկվատ մարդ դեռ անցյալով չի խոսի, քանի որ դեռ հետևանքները շատ խորն են»։

Երգիչը հույս է հայտնում, որ սա էլ կանցնի պատմության գիրկը և այս անձրևից հետո սպասվող արևն ամենաերկարը կշողա մեզ համար։

«Սիրեք իրար շատ, լսեք, հանդուրժեք ու սթափ դատեք, մի բաժանեք մարդկանց՝ իրար պիտակավորելով, մենք քիչ ենք՝ պիտի ուս ուսի տանք, ուժեղ լինենք ու մաքրենք երկիրը դավաճաններից, մենք սխալվելու ու դավաճան ներելու իրավունք չունենք: Մեր միակ ուժը հայ զինվորն է, ում պետք է վեր դասել ամեն ինչից ու ամենքից: Մեր հերոսներին փառք ու պատիվ։ Ես դեռ հաղթահարում եմ դժվարություններն ինչպես ամեն նորմալ մարդ, ես էլ չեմ զարմանում ոչնչից ու միշտ ասում եմ՝ այն, ինչ չի սպանում մեզ, ավելի ուժեղ է դարձնում»,-ասում է նա։

Իր խոսքը Վլադիմիրը եզրափակում է խոստովանելով, որ այլևս ապագայի համար ծրագրեր չի կազմում․ «Ես այլևս ծրագրեր չեմ կազմում, հույսս Աստված է, դա է ճիշտը, 2020-ն իմ ծրագրած ամենալավ տարին պետք է լիներ, եղավ ամենավատը, դրա համար պետք է հույսը դնել միայն Աստծո վրա»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան