«Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց մայրս ինչպե՞ս կտաներ այս իրականությունը, երևի էլի չդիմանար․․․ կգնար»․ Նազենի Հովհաննիսյանը՝ մոր մահվան տարելիցի և հայրենիքի կորստի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մոր մահվան տարելիցին և բարդ իրավիճակում հայտնված հայրենիքին։

«Ես առաջին անգամ ուղիղ, անպաճույճ մազերը սիրեցի, երբ ծնվեցի… Մայրս շքեղ վարսեր ուներ.նրա վարսերն եմ հիշում, էդ բույրով ապրածս մանկությունը…օրը մի բան հորինում էր, մի թեթև ալիքով տրամադրություն ստեղծում:

Ծաղիկներից պսակ հյուսել ու դաշտերում բնության հետ մեկ դառնալ սովորեցի էլի նրանից… Մայրս յուրահատուկ եթերային էր…
Խառն ու անհասկանալի կտորներից նոր զգեստ կարել մի գիշերվա մեջ ու ընտանեկան բազում հոգսերի անքնությունը թաքցնել փեշերի մեջ՝ Մայրս էր կարողանում, դժվարություններն օրվա ժամերի պես էր ընկալում… ապրում ու անցնում էր: Սկսվող ու չավարտվող ճակատով մայրս էր… խելքի ու վշտի դրոշմն էր: Վշտում էր որովհետև անտարբեր չէր, լուռ ու մաքառող տեսակն էր, ներսից իրեն ուտող, դրսից ուրիշին ՄԻԱՅՆ օգնող… վատություն չանել, չնեղացնել, չվշտացնել. այս խոսքերը երևի աղոթքի պես էր կրկնում ու էդպես էլ ապրում էր, ու էդպես էլ ննջեց՝ մի վայրկյանում, աշխատավայրում, առանց որևէ մեկին նեղություն տալու: Ուղիղ 9 տարի առաջ՝ 2011- ի դեկտեմբերի այս ցուրտ օրը ննջեց: Հոգնեց հավանաբար: Կամ ժամն էր:
Էնքան առեղծվածային և միևնույն ժամանակ պարզ մի կին էր, բոլոր հայ մայրերին բնորոշ պարզությամբ ու մաքրությամբ… իմ ճանաչած Մայրերն այդպիսին են:
Անեծք չուներ շուրթին, վատ բառ չուներ, անչար ու մեծ Սրտով: Անսուտ Մայրս:
Չգիտեմ հիմա՝ 9 տարի անց ինչպե՞ս կտաներ այն իրականությունը որում հայտնվել ենք… երևի էլի չդիմանար… կգնար((
Ամեն այս օրը սուգ է ինձ համար: Կարոտները պարանախեղդ են անում ինձ վաղուց, ու միշտ թվում էր՝ չկա ավելի ցավոտ բան՝ Ծնողի կորստից:
Բայց Հայրենիքի կորուստն անդիմանալի մի ցավ է, չսպիացող, չդարմանվող: Հիմա եռակի որբ եմ:
Իշխանազուն Մայրս կաթիլ առ կաթիլ սեր էր ներարկել մեր մեջ.մեզ բամբասող մարդուց մինչև անշուք թվացող քար ու թփի նկատմամբ:Որովհետև էդ Սերը նրա՛մեջ էր: Ու Հայրենիքի կորստով ամեն անգամ նորից ենք կորցնում Ծնողին ու նրա սերը, նրա գիրկը, նրա Սիրտը: Այս ողբերգական տարում լիարժեք հասկացա ինչ ասել է Մայրը՝ Հայաստան ու Հայաստանը՝ Մայր: Նրանք անքակտելի են:
Մեր տան ամենաակտիվ բնակիչները էն անթիվ-անհամար գրքերն էին, որոնք միշտ պատվավոր տեղ ունեին, որոնցից մի թերթ անգամ չպակասեց 90-ի անլույս տարիներին, -5-10 աստիճան էր մեր տան սենյակներում, գրքերը մեզ հետ միասին սառչում էին, ցրտից նռռում, բայց ոչ մի էջ չպակասեց(, ինչպես, որ Հայրս Նորք-Մարաշի անտառից մի ճյուղ անգամ էդպես էլ չկտրեց, չտրտնջաց ու չհուսալքվեց: Մի ուրիշ ուժ ունեին:
Մեր գետերի ու անվերջ թվացող մեր ոլորապտույտ ճանապարհների մեջ, լեռների արձագանքի ու խառնիխուռն աճող ծառերի մեջ՝ ամենուր Մայրս է… Մեզ ծնած, մեզ սնած, ու վերջում իր պաշտելի հողում ննջած:
Ներեք մեզ մայրեր, որ էդպես էլ չենք կարողանում մինչև վերջ արժանի լինել ձեր տված սիրուն, պահած Հայրենիքին ու անպարագիծ նվիրումին:
Հ.Գ. Երանի նրանց, որոնք արդարորեն հանգան իրենց Հողում ու գերեզման ունեցան: Հազար երանի»,- գրել է դերասանուհին։