Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը «The Beatles»-ի մասնակցությամբ բացառիկ կադրեր է հրապարակել

«Մատանիների տիրակալի» ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հատված է ներկայացրել «The Beatles: Get Back» վավերագրական ֆիլմից։ Variety-ի հաղորդմամբ՝ ֆիլմը վարձույթում կհայտնվի 2021թ.-ին։

«Ֆիլմն արդեն պետք է ավարտին հասցված լիներ, բայց ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեզ վրա անդրադարձավ COVID-19-ը։ Լավ է միայն այն փաստը, որ մենք այն մոնտաժում ենք Նոր Զելանդիայում, ուր վարակն արդեն գրեթե հաղթահարվել է։ Այդ պատճառով մենք կարող ենք վերադառնալ նախագծի վրա աշխատանքի»,- պատմել է Ջեքսոնը։

Ֆիլմում օգտագործվել է ժապավենի 56 ժամ, որը նկարահանվել է 1969թ.-ին։ Այդ ժամանակ «The Beatles»-ը որոշեց ֆիլմ պատրաստել նոր երգերի վրա աշխատանքի մասին և դրա համար ամեն օր փորձեր էին արվում նկարահանման խմբի ներկայությամբ։ Նախագծի վերջաբան է դարձել համերգը ստուդիայի տանիքում՝ The Beatles-ի վերջին հանրային ելույթն ամբողջ կազմով։