Բուլղարացին փորձել է Ուկրաինայից դուրս հանել Ստրադիվարիուսի 333-ամյա ջութակը

Բուլղարիայի քաղաքացին փորձել է Ուկրաինայից դուրս հանել Ստրադիվարիուսի 333-ամյա ջութակը, ինչպես նաև հին մետաղադրամներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը:

«Հնագույն գործիքը, սահմանապահները, մաքսային ծառայության աշխատակիցների հետ միասին, հայտնաբերել են Չեռնովցիի շրջանում` Ռումինիայի հետ սահմանին գտնվող «Պորուբնոյե» անցակետում: Բարձր պատմամշակութային արժեք ունեցող իրերը սահմանից անցկացնելու փորձ է արել Բուլղարիայի քաղաքացին, որը Ուկրաինայից դուրս էր գալիս KIA մակնիշի ավտոմեքենայով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ բացի Ստրադիվարիուսի ջութակից, որի վրա որպես արտադրության տարեթիվ նշված է 1687 թվականը, 53-ամյա տղամարդու իրերի մեջ հայտնաբերվել է 6 մետաղադրամ, որոնցից մեկը թվագրված է 1780 թվականին:

Հայտնաբերված իրերի արժեքը «որոշվելու է փորձաքննությամբ»: