«Շատ եմ ուզում, որ աշխարհում ոչ ոք չհանդիպի այն բարդություններին». Միշա Գալուստյանը` իր հիվանդության մասին

Ռուսաստաբնակ շոումեն, դերասան Միշա Գալուստյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել և հայտնել, որ պանդեմիան չի շրջանցել նաև իրեն, նոյեմբերին վարակվել է կորոնավիրուսով:
«Ուզում եմ ձեզ մի պատմություն պատմել: Նոյեմբերին ես առաջին անգամ փորձեցի անհամ էկլերներ, կոտլետներ և շատ ուրիշ բաներ: Անկեղծ կլինեմ, այնքան էլ լավը չէին: Տանը ոչ մի հոտ չէի զգում: Կռահո՞ւմ եք՝ ինչու:

Ես խոսում եմ COVID-19-ի մասին: Ես հիվանդ էի բավականին երկար ժամանակ և չեմ կարող այդ ժամանակահատվածը հաճելի համարել: Ինքնազգացողությունս զզվելի էր, ախտահարված էր թոքերիս 20 %-ը: Շատ եմ ուզում, որ աշխարհում ոչ ոք չհանդիպի այն բարդություններին, որոնք իր հետ բերում է կորոնավիրուսը:

Տարբեր երկրներում հետազոտողներն աշխատում են օրեր շարունակ՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու համար: Բոլորն էլ անհանգստանում են աշխարյհում ստեղծված իրավիճակի պատճառով: Գնալով շատանում են կամավորները, ովքեր պատրաստ են իրենց ներդրումն ունենալ պատվաստանյութի ստեղծման վերջնական փուլում: Առաջնագծում լինելու պատրաստակամությունը գովելի է: Լիարժեք ապաքինվելուց հետո հանդիպեցի ընկերոջս, ում հետ շատ երկար քննարկեցինք աշխարհում ստեղծված իրավիճակը և գտանք կայք, որտեղ կարելի է գրանցվել կամավոր դառնալու համար»,- գրել է նա՝ կից նշելով կայքի հղումը:

Մեկնաբանություններում հետևորդներն առողջություն են մաղթել Միշային և գրել, որ իրենք ևս նման իրավիճակում են եղել: