«Չգիտեմ մեկ այլ պիես, որն այսօրվա Հայաստանում ավելի սուր կհնչեր». կայացավ «Պատմություններ գազանների մասին» ներկայացման պրեմիերան

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 24-ին հանրության դատին կհանձնի ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը։ Ներկայացման ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է, բեմադրական աշխատանքների մեկնարկը տրվել էր հունիսին։
Սա ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի առաջին բեմադրությունն է Հայաստանում, չնայած նրա անունը լայնորեն հայտնի է թատերական աշխարհում:
Ներկայացման ռուսերեն թարգմանությունը վերնագրված է «Պատմություններ գազանների մասին»։

Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։

Ներկայացման ռեժիսորը՝ Կարեն Ներսիսյանը, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, թե ինչպես առաջացավ Դոն Նիգրոյի պիեսը բեմադրելու մտահղացումն ու որն է դրա  գլխավոր ուղերձը։

«Ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսը վաղուց էր սպասում իր ժամին իմ ռեժիսորական պորտֆելում։ Պիեսը հրաշալի է, ոճային, հումորով ու ողբերգականությամբ լի։ Բայց հերթում Մոլիերն էր, Չեխովը։ .. Տարօրինակ է, որ այստեղ դեր խաղաց զուտ տեխնիկական պատճառը․համաձայն կարանտինի հետ կապված սահմանափակումների՝ ներկայացման փորձում ներգրավված դերասանների թիվը չպետք է գերազանցի հինգը, իսկ այս պիեսի յուրաքանչյուր կտորում խաղում է ոչ ավելի, քան երեք դերասան։ Ուռա, կարելի է փորձել։
Պիեսի իրական մասշտաբը բացահայտվեց ավելի ուշ. ես, թերևս, չգիտեմ մեկ այլ պիես, որն այսօրվա Հայաստանում ավելի սուր, ավելի ցավոտ, ողբերգական կհնչեր։

Ինչ-ինչ, բայց մտքերն այստեղ շատ են: Պիեսը փիլիսոփայական է։ Բոլոր հերոսները՝ առանց բացառության, կենդանիներ են։ Եվ գուցե հիմնական միտքը այստեղ այն է, թե որքան դժվար է լինել և մնալ մարդ»։

Պատմելով իր ապագա ծրագրերի մասին՝ Կարեն Ներսիսյանն ասում է․«Ցանկանում եք ծիծաղեցնել Աստծուն, պատմեք նրան ձեր ծրագրերի մասին։ Բայց գիտեք, Ստանիսլավսկու թատերական արվեստի բնագավառում մեծագույն հայտնագործություններից մեկը հեռանկարն է։ Առանց դրա ոչ մի տեղ։ Նույնիսկ եթե վաղը պլանները փոխվեն, այսօր դրանք պետք է լինեն։ Պարզապես կյանքը շարունակելու համար:

Այսօր մենք՝ թատրոնի նկարիչ Արթուր Հարությունյանի հետ, աշխատում ենք Մոլիերի «Սկապենի արարքները» պիեսի բեմադրության վրա։ Շուտով կսկսվեն փորձերը։ Կան նաև այլ ծրագրեր.
Մեծն Լաո Ցզին ասել է՝ հազար լի երկարությամբ ճանապարհը սկսվում է մեկ քայլից: Տեսնենք, թե այդ ճանապարհը մեզ ուր կտանի, կարևորը հիմա աշխատելն է, փորձելը» ։

Ներկայացման դերասանուհիներից Լիլյա Մուկուչյանը մեզ հետ զրույցում պատմել է ներկայացման, իր դերի, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:

«Ներկայացումը մեր հնարավորությունների, բնազդների, կրքերի, վախերի մասին է, այն մասին, թե ինչպես իրեն կարող է պահել մարդը, կենդանին, արարածը էքստրեմալ իրավիճակում, երբ հարկավոր է փրկել սեփական կյանքը:

Ներկայացման ողջ ընթացքում չի լքում այն զգացողությունը, որ ամեն բան լավ է լինելու, որ հույսն այն մոգական ուժն է, որը մոտիվացնում է ապրել»,– ասում է Լիլյան:

Պատմելով իր դերի մասին դերասանուհին ասում է. «Ես կատարում եմ լեմմինգի` կրծող կենդանու դեր: Դժվարություններ եղել են, հետաքրքիր փորձ էր, ես վերջնականապես համոզվեցի, որ հոգեբանական թատրոնի դերասանուհի եմ»:

Կարանտինի ընթացքում Լիլյան իր խաղընկերոջ` Մավ Խաչատրյանի հետ աշխատում էր ստեղծագործական նախագծերի վրա և ձանձրանալու ժամանակ չուներ: Լիլյան պատմում է, որ պատերազմական շրջանն իր կյանքի դժվարագույն ժամանակահատվածն էր: Ռազմաճակատում մտերիմ մարդիկ նա չուներ, սակայն նշում է, որ պատերազմում կռվող յուրաքանչյուր զինվոր իր եղբայրն է:

Խոսելով ապագայի ծրագրերի մասին Լիլյան ասում է. «Ապագայի ծրագրերը այս դժվար ժամանակներում միակ ուրախալի բաներն են: Մեր թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանը շուտով կսկսի «Ես եկել եմ միայն զանգահարելու համար» ներկայացման փորձերը, ինչը ինձ շատ է ուրախացնում, որովհետև այնտեղ ինձ բաժին է հասել ամենահետաքրքիր ու դժվար դերերից մեկը: Ես անհամբերությամբ սպասում եմ:

Մենք նաև շուտով հանդիսատեսի դատին կներկայացնենք «Նյու Մեդեա» մոնոներկայացումը, որը կբեմադրի Մավ Խաչատրյանը: Ես և մեր թատրոնի դերասանուհիներից Ելենա Վարդանյանը համատեղ կներկայացնենք նաև մի նախագիծ, որի վրա վաղուց աշխատանքներ են տարվում: Եվ ինձ համար ամենակարևորը գալիք տարում` ես իմ ուժերը կփորձեմ ռեժիսուրայում»:

Ներկայացման դերասաններից Մավ Խաչատրյանը մեզ հետ զրույցում կիսվում է, որ «Նյու Մեդեա» մոնոներկայացումից զատ` շուտով համագործակցույթուն կունենա Արմեն Մարգարյանի և Լիլյա Մուկուչյանի հետ, որտեղ հանդես կգա որպես ռեժիսոր:
Դերասանը նաև խոստովանում է, որ այս շրջանում անցավ մեծ փորձության միջով, ինչի հետևանքով անգամ չկարողացավ ներկայանալ վերջնական փորձին. Մանվելը վարակվել էր կորոնավիրուսով, սակայն հիմա, բարեբախտաբար, դերասանն արդեն իրեն լավ է զգում:

«Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացման մեջ իր դերի մասին պատմելով` Մավն ասում է.«Իմ կերպարը մարմոտն է, որն ինչպես շատ մարդիկ, ինչոր խնդիր է գտել իր համար ու այդ խնդիրը, մտնելով իր գլխի մեջ, սկսկել է հոգին ուտել, բայց իրականում այն մտացածին, հորինված է»:
Եզրափակելով իր խոսքը` դերասանն ասում է, թե որն է ներկայացման գլխավոր գաղափարը և ուղերձը. «Ներկայացման ուղերձները տարբեր են: Այն մի ներկայացում չէ, այլ փոքրփոքր ներկայացումներ, որտեղ ամեն կենդանի իր ասելիքով է հանդես գալիս: Ու հետաքրքիր է, որ դրամատուրգիան կենդանիներին խոսելու, տրամաբանելու ունակություն է տալիս և դրանով հնարավորություն ընձեռում շատ բան հասկացնել մարդկանց»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան