«Հայկի համար կենսափորձ էր, որ ծննդյան օրը կարելի է ոչ միայն նվերներ ստանալ, այլև տալ». Անահիտ Կիրակոսյանը որդու 8-ամյակը այլընտրանքային տարբերակով է նշել

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ որդին՝ Հայկը, այսօր դառնում է 8 տարեկան: Դերասանուհին որդու ծննդյան առթիվ խնջույք չի կազմակերպել: Tert.am Life-ի հետ զրույցում նա նկատեց, որ այժմ խնջույքի տրամադրություն որևէ մեկը չունի: Կեսգիշերին որդուն շնորհավորել են ընտանիքով, երեկոյան էլ միասին կլինեն:

Օրվա առաջին կեսին Անահիտը Հայկին իր հետ «աշխատանքի» է տարել: Դերասանուհին այս ընթացքում ակտիվորեն օգնում է վիրավոր կամ զոհված զինծառայողների բալիկներին, Արցախում կամ սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին: Անահիտն իր էջում տոմսերի վաճառք է կազմակերպում, մարդիկ գնում են ներկայացման տոմսեր այդ երեխաների համար:

«Դիտեցինք «Նվեր ձմեռ պապիկին» ներկայացումը: Հիմա իրավիճակը շատ բարդ է, բայց պետք է ամեն բան անենք, որպեսզի երեխաներին չկտրենք ամանորյա հրաշքից: Հայկը շատ ոգևորված էր տրամադրված երեխաների հետ հանդիպմանը: Իր համար սա կենսափորձ էր, որ ծննդյան օրը կարելի է ոչ միայն նվերներ ստանալ, այլև տալ: Երեկ իրեն ամանորյա փաթեթներ էինք նվիրել, ինքնակամ առաջարկեց դրանք նվիրել երեխաներին: Ես իրեն հատուկ չէի ուղղորդել, բայց ուրախալի էր, որ ցանկացավ կիսվել: Մինչև այդ էլ ինձ խնդրել էր իր ձեռքով տոմսերը տալ երեխաներին,- պատմեց Անահիտը ու հավելեց, որ ամեն դեպքում, որդուն առանց նվերների չեն թողել:- Հայկը շատ գրքասեր է, սովորում է «Հայ Ասպետ» դպրոցում: Իր համար մայրենիի տեսքով տորթ էինք պատրաստել, գրքեր նվիրեցինք: Ընտանիքով գիշերը շնորհավորեցինք իրեն»: