Արցախյան պատերազմում հերոսացած Լևոն Մանթաշյանի հեղինակային երգը` ծառայակից ընկերոջ և Nemra խմբի կատարմամբ (տեսանյութ)

Nemra խմբի անդամները, համագործակցելով ժամկետային զինծառայող Խաչիկ Գրիգորյանի հետ, իրականացրել են Խաչիկի անմահացած ընկերոջ` Արցախյան պատերազմում հերոսաար զոհված Լևոն Մանթաշյանի երազանքը` ներակայացնելով նրա հեղինակային երգը նոր գործիքավորմամբ և կատարմամբ:

«Մեր սիրած խմբի երգի տողը, որ միասին դիտակետում փորագրեցինք փայտի վրա, դարձավ քեզանից հետո իմ հոգեվիճակը. “Lost connection in my head”»… Պատերազմում անմահացած ընկերոջն ուղղված Խաչիկի նամակի այս խոսքերն առիթ հանդիսացան հայտնի հայկական ռոք խմբի ու նրա ծանոթության։ «Ծանոթանալով Խաչիկի հետ, որը վիրավորում ստանալով՝ կարճ ժամանակով Երեւանում է բուժման նպատակով, եւ նրանից իմանալով, որ իր ընկերը՝ Լևոնն, անչափ տաղանդավոր էր, նվագում էր կիթառ, երգում էր և նաև երգեր ուներ գրած, անմիջապես որոշեցինք, որ պետք է օգնենք Խաչիկին իրագործել Լևոնի երազանքներից մեկն ու ձայնագրել նրա երգը:

Շատ ռիսկային էր այն որոշումը, որ հենց Խաչիկը պետք է երգի, քանի որ նախկինում երբեք չէր փորձել երգել, ձայնագրվել, բայց, բարեբախտաբար, պարզվեց, որ Խաչիկը շատ լավ ձայնային եւ արտիստիկ տվյալներ ունի: Բացահայտեցինք մեզ համար երկու նոր տաղանդի: Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել Լեւոն Մանթաշյանի այս հիասքանչ երգով, որը կատարեց Խաչիկ Գրիգորյանը, իսկ մենք փորձեցինք մեր գործիքավորմամբ օգնել եւ իրագործել այս ամենը: Խաչիկը վաղը պետք է նորից մեկ տարով վերադառնա սահման, շատ ուրախ ենք, որ հասցրեցինք այս կարճ ժամանակում իրականացնել մեր մտածածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել Nemra խմբի մենակատար և կիթառահար Վան Եղիազարյանը:

«Տեսահոլովակին մասնակցեց նաև Լևոնի եղբայրը՝ Տիգրան Մանթաշյան, որին շատ շնորհակալ ենք, որ չնայած այդքան դժվարության ու խորը վշտի մասնակցեց մեզ հետ ամբողջ ընթացքին և օգնեց մեզ հավերժացնել Լևոնի երգը»,- նշել է երաժիշտը: