Ալեքսանդր Պետրովը՝ Սերգեյ Եսենինի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերում

«Ծառա» և «Տեքստ» ֆիլմերի ռեժիսոր Կլիմ Շիպենկոն ֆիլմ կնկարահանի բանաստեղծ Սերգեյ Եսենինի կյանքի վերջին օրերի մասին: «Դեկտեմբեր» աշխատանքային անվանումով կինոնկարում գլխավոր դերում հանդես կգա Ալեքսանդր Պետրովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Start վիդեոսերվիսի մամուլի ծառայությանը:

Ըստ սյուժեի՝ պարուհի Այսեդորա Դունկանը Գերմանիայից գալիս է ԽՍՀՄ սահման և պատրաստում է Եսենինի փախուստը։ Պոետը Մոսկվայից մեկնում է Լենինգրադ և բախվում դժվարությունների։

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալեքսանդր Սամոյլենկոն, Քրիստինա Ասմուսը, Վլադիմիր Վդովիչենկովը: Կինոնկարի վրա աշխատում են Yellow, Black and White ստուդիան և Start վիդեոծառայությունը՝ Կինոյի հիմնադրամի և «Կինոպրայմ» հիմնադրամի աջակցությամբ:

«Էկրանին դերասանը պետք է կյանքի կոչի դրաման, մահվան մոտ լինելու զգացողությունը, պոետի ներքին ցավը։ Պետրովը, անշուշտ, ունի հատուկ տաղանդ, նա ունի անհրաժեշտ կյանքի փորձ, խառնվածք», – ասել է Շիպենկոն: