Սամվել Կարապետյանը հայտնվել է 2020 թ.-ին ֆինանսական ամենաշատ կորուստներ ունեցած ռուսաստանցի միլիարդատերերի ցանկում

Forbes ամսագիրը հրապարակել է 2020 թվականին ամենից շատ աղքատացած ռուսաստանցի միլիարդատերերի տասնյակը, որը գլխավորել է «Լուկօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Վագիտ Ալեկպերովը:

Ընդհանուր առմամբ, ամսագրի գնահատումներով, ցանկում տեղ գտած միլիարդատերերը կորցրել են 17 598 մլրդ դոլար: Ալեկպերովի կորուստը կազմել է 4, 082 մլրդ դոլար, ինչի հիմնական պատճառն ընկերության գործակիցների նվազումն է եղել: Մեկ տարի առաջ ընկերության 1 բաժնետոմսը գնահատվում էր 6179 ռուբլու սահմանում, իսկ այժմ՝ 5100 ռուբլու: Ալեկպերովին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 28 տոկոսը:

Երկրորդ տեղում է «Նովատէկ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնը, որը մեկ տարում 3,555 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Եռյակը եզրափակում է Volga Group մասնավոր ներդրումային ընկերության սեփականատեր Գենադի Տիմչենկոն, որը 2,339 մլրդ դոլար է կորցրել մեկ տարում:

Տասնյակում տեղ են գտել նաև գործարարներ Լեոնիդ Ֆեդունը, Միխայիլ Գուցերիևը, Սամվել Կարապետյանը, որը 1,533 մլրդ դոլարի կորուստ է ունեցել, Իգոր Ալտուշկինը, Օլեգ Դերիպասկան, Վլադիմիր Բոգդանովը, Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը:

2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվում է 2,567 մլրդ դոլար: