«Վիշապը գալիս է». կոմիքս` առաջին հայ սուպերհերոսի մասին

Ամանորին ընդառաջ` դեկտեմբերի 30-ին, փոքրիկ անակնկալ անելով երեխաներին ու կոմիքսի սիրահարներին, Նարեկ Մարգարյանը ներկայացրեց առաջին կոմիքսը` հայկական սուպերհերոսի մասին, որը ստացել է «Վիշապը գալիս է» անվանումը:

Showbiz.am կայքի հետ զրույցում  կոմիքսի հեղինակը` Նարեկը, պատմում է, որ իր առաջին կոմիքսը հորինել ու նկարել է 10 տարեկանում ու դրանից հետո միշտ երազել է կոմիքս ունենալու մասին:
«Այդ ժամանակ սուպերհերոսական ժանրը հայտնի չէր: Հետո, երբ «Մարվել»-ը ամբողջ աշխարհը գրավեց, արդեն սկսեցի մտածել, որ հիմա այդ պահն է: Ուրախ եմ, որ նկարչի` Անդրանիկի հետ հանդիպեցի, ու կարողացանք միասին այս պատմությունը ստեղծել»:

Նարեկ Մարգարյանն ասում է, որ գրելու վրա ծախսել է մի քանի շաբաթ, այնուհետև սկսել է աշխատել նկարչի հետ:
Այն հարցին`արդյոք կոմիքսը կունենա շարունակություն և կէկրանավորվի, Նարեկը պատասխանում է. «Նախ պետք է  տեսնել, թե ինչպիսի հաջողություն կունենա առաջին համարը, բայց մտահղացում ունեմ նորը անելու: Կարևոր է առաջին մի քանի համարներում բոլոր չարագործներին ներկայացնել, որպեսզի հետո ունենանք այն աշխարհը` պայմանական Հայաստանը, որում վիշապը կա: Շատ կցանկանայի, որ լիներ մուլտֆիլմ, բայց հայերեն ֆիլմեր չեն լինում կամ ոչ հաճախ են արտադրվում, և ես կցանկանայի, որ ավելի շատ լինեին»:

Խոսելով կոմիքսի լեզվի մասին` Նարեկը նշում է. «Լեզուն գրական երևանյան է: Լրիվ երևանյան չէ, բայց որպեսզի չկոտրվի մեր ուսանող հերոսի կերպարը, որոշեցինք այդպես անել: Չէ՞ որ պետք է կերպարը խոսի իրեն համահունչ, որովհետև չհավատալու շատ բաներ կան կոմիքսում` թռչող կանայք, դրա համար պետք է լեզուն այնպես հարմարեցնել, որպեսզի հավատալի  լինի»:

Նարեկը կիսվում է` կոմիքսի գլխավոր գրավչությունն այն է, որ ամեն ինչ տեղի է ունենում Երևանում:
«Մի բան է, երբ դու տեսնում ես, թե ինչպես է սարդ – մարդը թռչում Նյու Յորքի երկնաքարերով, մի այլ բան  է, երբ սուպերհերոսը Փակ շուկայի դիմացով է անցնում, գնում է Հաղթանակի կամրջի մոտ և այլն: Այդ ամենը շատ իրական է»,-ասում է նա:

Հեղինակը պատմում է, որ «Վիշապը գալիս է» կոմիքսի գլխավոր իմաստը չարի ու բարու պայքարն է:
«Ըստ էության այս հերոսը սովորեցնում է երեխային մտածել կարծրատիպերից դուրս, փորձել արագ լուծումներ գտնել, պայքարել այն բանի համար, ինչն արդար է ու չհանձնվել»,- եզրափակում է իր խոսքը Նարեկը:

Կոմիքսի նկարիչ Անդրանիկ Ասատրյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ այս կոմիքսն իր առաջին աշխատանքը չէ:

Հիշելով, թե ինչպես ստացվեց Նարեկի հետ համագործակցությունը, նա ասում է.«Առաջարկը եղավ օգոստոս ամսին, սեպտեմբերին մենք արդեն վերջացրել էինք: Ուղղակի որոշ խնդիրների պատճառով շնորհանդեսը հետաձգվեց: Ինձ համար շատ հաճելի էր աշխատել այս նախագծի վրա, որովհետև այն շատ ժամանակակից է, և  խոսքը, պատկերը համահունչ են ու ավելի դյուրընթեռնելի են դարձնում պատմությունը հասկանալու համար: Բոլորս պետք է ունենանք մեր հերոսը, որպեսզի մենք ներշնչվենք ու ավելի կատարելագործվենք մեր կարողությունները,  զարգանանք, արարենք, ստեղծագործենք: Այս կոմիքսի մեջ իմ սիրելի հերոսը Տուռբո-կինն է»:

«Վիշապը գալիս է» նախագծի մասին մեզ հետ զրուցեց նաև նախագծի գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանը:
«Սա առաջին հայկական սուպերհերոսի մասին կոմիքսն է, ու այն կա, որովհետև կարծում ենք` մեր երեխաներն ունեն նման հերոսի կարիք, որովհետև փոքր ժամանակ երևի բոլորս ինչ-որ մոտիվացիայի կարիք ենք ունենում:
Հուսանք` այն կսիրվի ու կլինի շարունակական: Սա առաջին թողարկումն է, ու էլի կլինեն շատ կերպարներ, որոնց մեր վիշապը կհաղթի:
Հուսանք կլինի մուլտֆիլմ, որովհետև բոլորս ունենք այդ ցանկությունը, բայց դրա նախադրյալներն են պետք»:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան