Ինչպե՞ս դիմավորել Սպիտակ Ցուլի տարին

Բավականին ծանր 2020թ.–ը շուտով կհասնի իր տրամաբանական ավարտին։ Ուզում ենք հավատալ, որ, հնարավոր է, գալիք` 2021թ.–ը կլինի ավելի բարենպաստ, և այն, իհարկե, պետք է նշել, թեկուզ համեստ, բայց ջերմ ընտանեկան միջավայրում։
2021թ.–ին Առնետը կառավարման ղեկը կհանձնի Սպիտակ Մետաղական Ցուլին։ Այդ կարևոր աստղագուշական իրադարձությունը տեղի կունենա փետրվարի 12–ին և մինչև հաջորդ` 2022թ.–ի հունվարի 30–ը, ըստ արևելյան օրացույցի, աշխարհում կտիրի կայունություն և արդարություն։ Եվ  մենք բոլորս կկարողանանք շունչ քաշել սարսափելի և անկանխատեսելի նահանջ տարուց հետո։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը բազմաթիվ անգամ ներկայացրել է` ինչպես պետք է գցել ամանորյա սեղանը, ինչպես ուրախացնել մտերիմներին ու ընկերներին ոչ թանկարժեք, բայց հաճելի նվերներով։ Իսկ հիմա ուզում ենք խոսել այն մասին, թե ինչպես պետք է դիմավորել գալիք տարին, և ինչ է նախընտրում 2021թ.–ի խորհրդանիշը` Սպիտակ Մետաղական Ցուլը։

Ինչպիսի՞ն կլինի գալիք` 2021թ.–ը

Ըստ լեգենդի, Ցուլը 12 կենդանիներից երկրորդն էր, որ հրավիրվել էր Բուդդայի տոնին։ Ցուլին բնորոշ են այնպիսի գծեր, ինչպիսիք են համառությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, պատասխանատվությունն ու աշխատասիրությունը։ Նա գիտի` ինչ է ուզում և հաստատակամ շարժվում է իր նպատակի ուղղությամբ։ Ցուլին դժվար է շեղել ճանապարհից։ Ցուլն ազնվաբարո կենդանի է։ Լինելով ազնիվ ու բաց` տանել չի կարողանում անտեղի իրարանցումը, հնարամտությունն ու սուտը։ Ցուլն իր մեծահոգությամբ կաջակցի նրանց, ովքեր կխաղան կանոններով` չվախենալով համառ աշխատանքից։ Նման մարդիկ 2021թ.–ին կհասնեն հաջողության բոլոր ոլորտներում` ֆինանսական, քաղաքական, գործնական, ընտանեկան։

Աստղերը խոստանում են, որ կայուն Ցուլի 2021թ.–ը կնվազեցնի ընդհանուր լարվածությունն աշխարհում, որն առաջացել է լոկալ պատերազմների և կորոնավիրուսի պատճառով։ Գալիք տարվա էներգիան բարենպաստ է կարիերայի աճի, խոշոր գործարքների, համարձակ նախագծերի իրագործման, ինչպես նաև ընտանիք ստեղծելու համար։ Ցուլի սպիտակ գույնը մարմնավորում է մտադրությունների մաքրությունը, անկեղծությունն ու արդարությունը։ Իսկ մետաղի տարերքը բնորոշում է տոկունություն և հուսալիություն։ Այսպիսով, Սպիտակ Մետաղական Ցուլի տարին հաջող ժամանակաշրջան է ինչ–որ նոր բան ստեղծելու, արդեն գոյություն ունեցողը պահպանելու և ընդլայնելու համար։ 2021թ.–ի խորհրդանիշի նշանաբանն է չընկրկել դժվարությունների առջև` դրսևորելով կամքի և հոգու ուժ։ Տարվա խորհրդանիշի դրական էներգետիկան գրավելու համար պետք է հետևել նրա հինգ կանոններին.

1. Ընտանեկան ավանդույթներ և արժեքներ

Ցուլն ընտանի, հոտային կենդանի է։ Նրա համար կարևոր է ընտանիքն ու ընտանեկան օջախի ջերմությունը։ Այդ պատճառով 2021թ.–ը դիմավորելու համար կատարյալ տարբերակ է ընտանեկան տոնի ջերմ մթնոլորտը։ Ընտանեկան արժեքների և ավանդույթների հարցում Ցուլը պահպանողական հայացքներ ունի։ Ամանորյա սեղանի շուրջ պետք է ներկա լինեն ամենամտերիմ, թանկ մարդիկ, ընտանեկան ցեղի ներկայացուցիչները։

2. Առաջնահերթ է պրակտիկությունը

Ցուլին բնորոշ չէ պարծենկոտությունն ու մեծամտությունը։ Հանգիստ և ինքնավստահ կենդանին կարիք չունի լրացուցիչ ցուցադրել իր առավելությունները։ Այդ պատճառով տոնին նախապատրաստվելիս` նվերների, հագուստի, ամանորյա զարդերի հարցում պետք է լինել պրակտիկ։ Որպես ամանորյա նվեր կարելի է ընտրել կենցաղային տեխնիկա, գաջեթներ, որակյալ և հարմարավետ տնային տեքստիլ, ինչպես նաև ֆիթնես ակումբի, վարպետության դասերի աբոնեմենտներ, կազդուրիչ պրոցեդուրաների սերտիֆիկատներ և այլն։

3. Դասականն ու էկոլոգիականն առաջնային են

Ցուլը չի սիրում պճնամոլություն, վառ գույներ, այդ պատճառով հագուստ, ամանորյա սեղանի և ինտերիերի զարդեր ընտրելիս խորհուրդ է տրվում խուսափել շքեղությունից, «ճչացող», էժանագին զարդերից։ Եվ ոչ մի կարմիր։ Ցուլի սրտով կլինի խիստ դասականը` սպիտակ սփրոցն ու անձեռոցիկները, գեղեցիկ սպասքն ու մոմակալները և էկո ոճը` եղևնու ճյուղերից պատրաստված կոմպոզիցիաներ` զարդարված ոսկեզօծ և արծաթազօծ գնդիկներով, կոներից և այլ բնական նյութերից պատրաստված կոմպոզիցիաներ։ Ինտերիերի համար ցանկալի է ընտրել հանգիստ և «խաղաղ» գունային գամմա` բաց տոների, օրինակ, բեժագույն, փղոսկրի գույն, ինչպես նաև բնական գույներ` սուրճի, խոտի, փայտային, ավազի գույներ։

4. Պարզություն և բազմազանություն

Ցուլը սիրում է ուտել, բայց նախընտրում է հասարակ և օգտակար սնունդ։ Նա հյուրընկալ է և առատաձեռն, սակայն հակված չէ որկրամոլության և չափազանց շքեղության։ Այդ պատճառով ամանորյա սեղանին պետք է լինեն բազմազան, բայց պարզ ու հասարակ ճաշատեսակներ` կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, պանիր։ Լավ կլինի, եթե տոնական սեղանին լինեն ավանդական ընտանեկան բաղադրատոմսերով պատրաստված ճաշատեսակներ` աղցաններ, թռչնամսից և ձկնեղենից պատրաստված ուտեստներ։ Եվ հասկանալի պատճառով ամանորյա սեղանին չպետք է լինեն տավարի կամ հորթի մսից պատրաստված ճաշատեսակներ, հակառակ դեպքում կարող եք բարկացնել տարվա խորհրդանիշ Ցուլին։

5. Մաքրություն և կարգուկանոն ամեն ինչում

Ցուլը խոշոր կենդանի է, նրան հարկավոր է շատ տարածք, որն ազատված է անպետք իրերից։ Ամենուր պետք է լինի մաքուր, անպայման մի լավ մաքրեք տունը տոնից առաջ։ Բացի այդ, կարգուկանոն պետք է հաստատել նաև ֆինանսական հարցերում` վերադարձնել պարտքերը, վճարել վարկերն ու կոմունալները, լուծել վիճահարույց հարցերը։ Եթե ուզում եք ամբողջ տարվա ընթացքում չբախվել ֆինանսական խնդիրների հետ, ապա հետևեք, որ Ամանորի գիշերը ձեր դրամապանակում լինի կանխիկ գումար` թե թղթադրամ, թե մետաղադրամ, ոչ թե միայն պլաստիկ քարտեր։

Եվ վերջում ամենակարևորի մասին`  Ամանորը միշտ դիմավորեք հանգիստ հոգով` ազատվելով ցավից, վիրավորանքից և վեճերից։ Գլխից հանեք բոլոր մանր–մունր հարցերը։ Թող ձեր մտքերը լինեն մաքուր, իսկ մտերիմների նկատմամբ վերաբերմունքը` բարի ու ազնիվ։ Դա վեհանձն և մեծահոգի Ցուլի գլխավոր պայմանն է ու երջանկության, ուրախության և բարեկեցության գլխավոր երաշխավորը գալիք տարում։