«Միայն այս ճանապարհով կարելի կլինի ոտքի կանգնել ու շարունակել ապրել». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը, ով այս պահին ընտանիքի հետ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահագներում, Ինստագրամի իր էջում գրառում է արել Ամանորի և իր ապրումների մասին:
«Ասում են` Նոր տարուն կատարվում են երազանքները: Եթե այդպես է, ապա իմ երազանքը ներողամտությունն է, հանդուրժողականությունն է, հարգաքն է, սրտացավությունն է, բարությունն է, միասնությունն է, վերջապես՝ սերն է. հենց դա է մարդկայինը, կարևորը, անփոխարինելին: Ինչքան հեռանում ենք այս ամենից, այնքան հեռանում ենք մարդ կոչվելու վեհ կոչումից:

Սարսափելի տարի էր ու սարսափելի կլինի այնքան, քանի դեռ վիրավորանքը, նախանձը, ստախոսությունը, բամբասանքը, պառակտումը, ուրիշի կյանքով ապրելն ու ուրիշի վրա ցեխ շպրտելը մեզ բավարարվածություն կպատճառի:

Աղոթում եմ, որ 2021-ին հայերով ավելի գիտակից դառնանք մեր հարաբերություններում, զգույշ ու մտածված լինենք արտահայտվելուց, լսենք իրար` չնսեմացնելով դիմացինի կարծիքն ու արժանապատվությունը: Իմ խորհին համոզմամբ՝ միայն այս ճանապարհով կարելի կլինի ոտքի կանգնել ու շարունակել ապրել՝ մարդավարի ապրել:

Թող գա Նոր տարին ու բերի բարին: Այսքանը, լավ եղեք»,- գրել է դերասանը: