Էլեն Ազնավուրյանի անակնկալ նշանադրությունն Ամանորի գիշերը

2021 թվականի տարեմուտը Էլեն Ազնավուրյանի կյանքում հիշարժան կլինի: Դերասանուհու ընտրյալը, ով աշնանը ռազմաճակատում էր, նրան կեսգիշերին նշանադրության առաջարկություն է արել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

«Պատերազմի օրերին լինելով սահմանին՝ ցանկությունս մեկն էր՝ Աստծո կամոք ամեն ինչ ավարտվի, և նշանադրվեմ ու ամուսնանամ: Երկար-բարակ չեմ մտածել, թե ինչ անել, փոխարենը համոզված էի՝ անել ամեն ինչ Աստծո օրհնությամբ եւ Աստծո տանը: Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ծառայության մեջ եմ, խնդրեցի այնպես կազմակերպել, որ այդ ամենը լինի Նոր տարվա գիշերը»,- Bravo.am-ի հետ զրույցում պատմել է դերասանուհու նշանածը՝ Բորիս Մկրտչյանը:

Ամանորը նշել են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում.«Պատարագից անմիջապես հետո Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանն ինձ ու Էլենին կանչեց խորանի մոտ, և ես մատուցեցի անակնկալս: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ցանկացել եմ ամեն ինչ անել շատ համեստ, բայց հետաքրքիր մոտեցմամբ, կարծում եմ` սա շատ տպավորիչ ու հիշվող անակնկալ էր Էլենի համար: Ի դեպ, նշեմ, որ նման ձևաչափով մեր քաղաքում դեռ ոչ ոք նշանադրության անակնկալ առաջարկ չի արել: Հուսամ՝ սա էլ նոր, ավելի գեղեցիկ սիրո պատմության հիմք կդառնա իմ ու Էլենի համար. ամեն ինչ անել Աստծո օրհնությամբ»: