«Բոնդի ընկերուհի» Տանյա Ռոբերթսը մահացել է իր մահվան մասին լուրերից մեկ օր անց

65 տարեկանում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկացի դերասանուհի և մոդել Տանյա Ռոբերթսը, այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով նրա ընկերոջ խոսքերը։

Ընդ որում, երկուշաբթի օրը, վկայակոչելով Ռոբերթսի ներկայացուցչին, հաղորդվել էր, որ նա կլինիկայում մահացել է դեռ հունվարի 3-ին։ Սակայն պարզվել էր, որ Ռոբերթսը ողջ է և ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Դերասանուհու ընկերը՝ Լենս Օ՛Բրայենը, հայտնել է, որ երեքշաբթի իրեն են զանգահարել բժշկական կենտրոնից ու հայտնել, որ Ռոբերթսն հեռացել է կյանքից։ Խառնաշփոթը տեղի էր ունեցել նրա սխալի հետևանքով. Օ՛Բրայենը կարծել էր, թե կինն արդեն մահացել է և լքել էր հիվանդանոցը՝ առանց անձնակազմի հետ խոսելու։

Դերասանուհուն հոսպիտալացրել էին Սուրբ ծննդյան նախօրեին, նա կորցրել էր գիտակցությունը շների հետ զբոսանքի ընթացքում։ Օ՛Բրայենի խոսքով՝ խոսքն անհայտ հիվանդության մասին է, որը երիկամների ու լյարդի աշխատանքի խանգարում է առաջացրել։

Տանյա Ռոբերթսը խաղացել է 1985թ.-ի «Հայացք սպանությանը» ֆիլմում, որում նրա զուգընկերը Ռոջեր Մուրն էր, որը կատարել է Ջեյմս Բոնդի դերը։