«Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կարիք լինի, առանց երկմտելու կընտրեմ ռուսական պատվաստանյութը». Նատալյա Օրեյրո

Ուրուգվայցի կինոդերասանուհի ու երգչուհի Նատալյա Օրեյրոն, որը հաջող կարիերա է ծավալել Արգենտինայում, ասել է, որ եթե անհրաժեշտ լինի պատվաստել կորոնավիրուսի դեմ, չի հապաղի ընտրել ռուսական պատվաստանյութը: Այս մասին գրում է արգենտինական Pagina12-ը:

Այս առնչությամբ América հեռուստաալիքի Jey Mammón նոր ծրագրի եթերում նա վճռականորեն ասել է. «Եթե անհրաժեշտ լինի, որ ես պատվաստվեմ, ապա առանց երկմտելու կընտրեմ ռուսական պատվաստանյութը»:

Նշենք՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ մեկնաբանությունն Օրեյրոն արել է այն բանից հետո, երբ անդրադարձել է իր կարիերայում առանձնահատուկ տեղ զբաղեցնող ռուս հանդիսատեսի հետ կապերով և փոխադարձ համակրանքով:

«Դժվար է բացատրել այն, ինչը կապված զգացմունքների հետ, որովհետև երբ ես նոր էի եկել Ռուսաստան, 20 տարեկան էի, ինձ լավ ընդունեցին, բայց կարծում էի, որ դա պարզապես նորաձև է: Ես ինքս ինձ ասացի. «Նրանց դուր եկավ սերիալը, կերպարը, նրանք սիրահարվեցին նրան, բայց շուտով ամեն ինչ կանցնի»: Բայց այդ ժամանակից ի վեր ես անընդհատ ճանապարհորդում եմ Ռուսաստան: Ես այս երկրի հետ եմ ամենաշատ կապված, բայց, ճիշտն ասած, ունեմ շատ լավ հարաբերություններ նաև Արևելյան Եվրոպայի շատ երկրների և Իսրայելի հետ … Բայց ամեն անգամ, երբ գալիս եմ Ռուսաստան, ավելի ու ավելի շատ մարդիկ են հանդիպում ինձ », – ասել է երգչուհին:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք ինքը կպատվաստվի ռուսական պատվաստանյութով, որը տարբեր ոլորտների ներկայացուցիչների կողմից հարցեր է առաջացնում և հայտնվում է կեղտոտ ապատեղեկատվական արշավի կենտրոնում,  Օրեյրոն կտրուկ պատասխան է տվել:

«Այո՛: Եթե ինձ պատվաստելու կարիք լինի, առանց երկմտելու կընտրեմ ռուսական պատվաստանյութը», – ընդգծել է նա: