Ամերիկացի դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, հանրապետական Առնոլդ Շվարցենեգերն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ն երբևէ ղեկավարած վատագույն նախագահը: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում:
«Թրամփը փորձեց փոխել արդար ընտրությունների արդյունքները, հեղաշրջում կազմակերպել՝ համոզելով մարդկանց ստի մեջ: Նա ձախողվեց որպես առաջնորդ, և պատմության մեջ կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն իր խոսքում մեղադրել է նաև երկրի ընտրված պաշտոնյաներին: Առանց որևէ անուն նշելու՝ Շվարցնեգերը նրանց «անողնաշար» և «մեղսակից» է անվանել:
«Բայց դա արդյունք չտվեց: Մեր ժողովրդավարությունն ամուր մնաց», – այս առնչությամբ ասել է նա ՝ մատնանշելով Բայդենի ընտրական հաղթանակը Կապիտոլիումի գրոհից մի քանի ժամ անց:
Բացի այդ՝ Շվարցենեգերը կարևոր է համարել այն փաստը, որ ԱՄՆ-ն պետք է ուշքի գա պատահածից հետո:
«Մենք պետք է ապաքինվենք ոչ թե որպես հանրապետականներ կամ որպես դեմոկրատներ, այլ որպես ամերիկացիներ», – պարզաբանել է նա: