Ջենիֆեր Լոպեսն ու Լեդի Գագան ելույթ կունենան Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ

Ամերիկացի երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Լեդի Գագան ելույթ կունենան ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողության ժամանակ:

Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, արարողությանը նվիրված հեռուստահաղորդման շրջանակներում հանդես կգան նաև երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքը, երաժիշտ Բոն Ջովին, դերասանուհի Դեմի Լովատոն և Բայդենի այլ աջակիցներ:

Ակնկալվում է, որ Վաշինգտոնում երդմնակալության արարողության հետ մեկտեղ կհեռարձակվեն նաև այդ առթիվ այլ նահանգներում կազմակերպված միջոցառումներ: Celebrating America անվանումը ստացած հաղորդումը կտևի 1,5 ժամ:

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, Բայդենի երդմնակալության արարողությանը նվիրված միջոցառումը կվարի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը:

Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին Կապիտոլիումի դիմաց: