Հունվարի 16-ին մեկնարկում է Կ․Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Շնորհակալություն բժիշկներին» նախագիծը

Կ․Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պատերազմի ընթացքում բժիշկների անձնվեր աշխատանքը գնահատելու, արժևորելու նպատակով նախաձեռնել է «Շնորհակալություն բժիշկներին» նախագիծը, որը մեկնարկելու է հունվարի 16-ին: Այս մասին հայտնել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։

«Մեր թատրոնն այս օրերին ընդունում է երեխաներին, որոնք ժամանակավոր տեղափոխված են Հայաստան, ու նաև նախագիծ է սկսել բժիշկների համար։ Եվ դա երևի բոլորիս հոգու պարտքն էր՝  շնորհակալությունը բժիշկներին այդ ձևով հայտնելն ու նրանց մի փոքր ցրվելու, հանգստանալու ժամանակ տրամադրելը։ Գաղափարը ծնվեց ինքնաբուխ, բայց դա, երևի, բոլորիս տրամաբանության մեջ էր, բոլորս, երևի, պարտավոր ենք դա անել։ Այս նախագիծն օգնում է իրականացնել թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վլադ Մորադյանը»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է Մարիաննա Մխիթարյանը։

Մարիաննա Մխիթարյանը տեղեկացնում է, որ թատրոնից արդեն կապ են հաստատել տարբեր բուժհաստատությունների հետ և պայմանավորվածություններ ձեռք բերել։ Չնայած բժիշկների գերծանրաբեռնված գրաֆիկին, նրանք հրավերը սիրով են ընդունել:

«Արդեն մեր փետրվար ասմվա խաղացանկը պատրաստ է, պատրաստվում ենք ուղարկել բժիշկներին, իսկ հետո կլինի մարտինը ,ապրիլինը, և իրենց համար հետաքրքրիր բոլոր ներկայացումներին իրենք կարող են ներկա լինել։
Հրավիրված են ոչ բոլոր բուժհաստատության աշխատակիցները, որովհետև թատրոնը նույնպես պետք է ապրի, տոմսերը պետք է վաճառվեն։
Հրավիրված են այն բուժաշխատողները, ովքեր կորոնավիրուսի և պատերազմի ժամանակ աշխատել են»,- հավելում է թատրոնի տնօրենը։ 

Մարիաննա Մխիթարյանը նաև նշում է, որ թատրոնը համալրվել է նոր սարքավորումներով․ «Մեր դահլիճը ո՛չ ջեռուցում ուներ, ո՛չ հովացում ուներ ամառը, ո՛չ էլ օդափոխություն, այսօր, վերջապես,  առաջին անգամ այդ համակարագը դահլիճում կաշխատի։ Նաև մենք ունենք նոր ձայնային սարքավորումներ, այնպես որ՝ հանդիսատեսը կվայելի ներկայացումն ավելի լավ ձայնային սարքավորումների ներքո»։

«Շնորհակալություն բժիշկներին» նախագծի մեկնարկը կտրվի այսօր՝ հունվարի 16-ին, ամերիկացի հեղինակ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսով, որի առաջնախաղը կայացել է Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 24-ին:

Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Անտոն Աղաջանյանը, Էրվին Ամիրյանը, Ելենա Վարդանյանը, Արման Մեժլումյանը, Լիլյա Մուկուչյանը, Լև Նալբանդյանը, Լալիտա Բուկիան, Արթուր Պետրոսյանը, Մանվել Խաչատրյանը, Արեն Խաչատրյանը, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը։

Ավելի վաղ՝ մեզ հետ զրույցում, ներկայացման բեմադրիչը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն այս ներկայացման մասին ասել էր․ «Պիեսը փիլիսոփայական է։ Բոլոր հերոսները՝ առանց բացառության, կենդանիներ են։ Եվ գուցե հիմնական միտքը այստեղ այն է, թե որքան դժվար է լինել և մնալ մարդ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան