«Արդեն լացում էի, ինձ մոտ չէր ստացվում, բայց…». Սամվել Դանիելյանը պատմում է` ինչպիսին էր Վիգեն Ստեփանյանը աշխատանքի մեջ և կյանքում

68 տարեկանում հունվարի19-ին ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Դերասանը 4 օր եղել է կոմայի մեջ, նրա հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում հունվարի 21-ին` ժամը 18:00-ին։

Արվեստի գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները սոցիալական կայքերի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակում դերասանի հետ ու հայտնում են իրենց խորին ցավակցությունները:
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասան Սամվել Դանիելյանը, ով Վիգեն Ստեփանյանի մտերիմ ընկերն էր, պատմում է, թե ինչպիսին էր դերասանը աշխատանքի մեջ ու կյանքում, որքան պահանջկոտ էր ու միևնույն ժամանակ հոգատար, ընկերասեր:

«2000 թվականն էր, առաջին կուրսի ուսանող էի, և մեր կուրսի ղեկավարն ասաց, որ Վիգեն Ստեփանյանը Բեյրութից իր մանկական թատերախմբով գալու է Հայաստան և հյուրախաղեր է ունենալու, հարկավոր էին չորս  երիտասարդ ուսանող: Այդ չորս ուսանողներից մեկը ես էի: Մենք ունեցանք շրջագայություն, ներկայացման մեջ զբաղվածություն, ու այդ օրերից մեր մտերմությունը սկսվեց ու տևեց շատ երկար»,- իր և Վիգեն Ստեփանյանի ծանոթության մասին պատմում է Սամվելը:

Դերասանը նաև կիսվում է, որ Վիգեն Ստեփանյանի ավանդն իր ստեղծագործական կարիերայում բավականին մեծ է: Տարիներ առաջ, երբ Սամվելը նոր էր վերադարձել բանակից ու անցել աշխատանքի Պատանի հանդիսատեսի թատրոնում, Վիգեն Ստեփանյանն օգնեց դերասանին ուժեղ թափով սկսել ստեղծագործական ուղին ու հաղթահարել բոլոր բարդությունները:

«Ասեմ, որ 2007 թվականին, երբ վերադարձել էի բանակից ու անցել էի թատրոնում աշխատանքի Վիգեն Ստեփանյանը հայտարարեց, որ ուզում է բեմադրել «Շունն ու կատուն» ներկայացումը: Ես ունեի այդ ժամանակ շատ բարդույթներ, որոնք չէի կարողանում հաղթահարել, և Վիգեն Ստեփանյանի այդ ներկայացումն ինձ շատ օգնեց:  Ինձ վստահվեց կատվի դերակատարումը: Չեք պատկերացնի, թե բանակից հետո դա ինձ համար ինչ դեր էր…հայտնվեց մի կերպար, որը լրիվ այլ կողմից էր ներկայացնում ինձ ու ես պետք է կարողանայի հաղթահարել, որովհետև Վիգեն Ստեփանյանը մեծ հույսեր ուներ: Փառք ու պատիվ նրան, ես կարողացա հաղթահարել, բոլոր բարդույթներն ու խաղալ այդ դերը:
Եվ այդ պահից սկսած մեր մեջ գլուխ բարձրացրին ռեժիսոր-դերասան փոխհարաբերությունները»,- հիշում է Սամվելը:

Դերասանը հիշում է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում ռեժիսորի բեմադրած բոլոր ներկայացումներում նա խաղացել է: Անգամ հիշում է` երբ Վիգեն Ստեփանյանը նոր պիեսով գալիս էր թատրոն, արդեն բոլորի համար պարզ էր` Սամվելն այդ ներկայացման մեջ հաստատ զբաղվածություն կունենա:

«Նրա հետ աշխատելն ինձ համար մեծ պատիվ էր, ինձ թվում էր, որ երբեք չի գա այն օրը, երբ պետք է անցյալով խոսեմ Վիգեն Ստեփանյանի մասին, ահավոր տխուր է հոգիս, տեղս չեմ գտնում»,- ցավով ասում է դերասանը:

2007 թվականից Սամվել Դանիելյանի և Վիգեն Ստեփանյանի շփումը վերածվել էր ընտանեկան մտերմության:
Սամվելը հիշում է իր ու ռեժիսորի վերջին հեռախոսազրույցը. «Անգամ առանց առիթի հանդիպում էինք, զրուցում էինք, կիսվում էինք, հաճախ հեռախոսազրույցներ էինք ունենում: Վերջին հեռախոսազանգը դեկտեմբերին էր: Մենք երկար խոսեցինք, շփվեցինք, մինչև հիմա նրա ձայնը հնչում է ականջիս մեջ: Մենք միշտ ունենում էինք խոսելու թեմա իրար հետ»:

 

Սամվել Դանիելյանը նաև պատմում է, թե ինչպիսին էր Վիգեն Ստեփանյանը կյանքում և աշխատանքի մեջ. «Ասեմ, որ չնայած մեր մտերմությանը, աշխատանքի մեջ Վիգեն Ստեփանյանը պահանջում էր մաքսիմալը, և եթե նա չէր հասնում իր ցանկացած արդյունքին, նա կարող էր մի տեսարանաի վրա մի ամբողջ օր ծախսել: Նույնիսկ հիշում եմ 2007 թվականին «Շունն ու կատուն» ներկայացման ժամանակ մի տեսարանը 7 տարբեր ձևերով փորձեցի, արդեն լացում էի, ինձ մոտ չէր ստացվում, բայց միևնույն է  ինձ թույլ չէի տալիս հանձնվել: Ու հիշում եմ, որ դրանից հետո էլ ոչինչ չէի կարողանում հասկանալ ու հիշել, անգամ թատրոնի աշխատակիցներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց, որ զարմացած է իմ համբերատարության վրա: Երևի դա նրանից էր, որ հենց սկզբից միմյանց նկատմամբ մեծ վստահություն ունեինք: Մեծ հաճույքով միշտ մասնակցել եմ իր գործերի մեջ, որոնք բեմադրվել են Պատանի հանդիսատեսի թատրոնում, և աշխատաքի մեջ, չեք պատկերացնի, թե նա ինչ պրոֆեսիոնալ անձնավորություն էր:

Իր համար չկային առաջին, երկրորդական կերպարներ, բոլորը պետք է լինեին բեմում գունավոր, պետք է իրենց արտիստ զգային: Մեծագույն հաճույք է դերասանի համար նրա հետ աշխատելը:

Փորձերից հետո միասին նստում էինք մեր ճաշարանում, միասին քննարկում էինք, ու աշխատանքից դուրս ինքը հստակ ցույց էր տալիս, որ մենք ընկերներ ենք: Փառք Աստծո, որ ես, որպես երիտասարդ արվեստագետ, շատ բան եմ սովորել Վիգեն Ստեփանյանից, իսկապես, ինքն իմ ստեղծագործական ուղու վրա շատ մեծ հետք  է թողել: Ինքն էլ ինձ էր շատ վստահում:
Շատ շնորհակալ եմ նրան, որ ինքը եղել է իմ կյանքում»:

Իր խոսքը Սամվել Դանիելյանը եզրափակում է` ասելով, որ չնայած իր հուզմունքին ու տխրությանը, Վիգեն Ստեփանյանի մասին միշտ ժպիտով է խոսելու:

«Իհարկե, աշխատանքային կոնֆլիկտներ եղել են, որովեհտև առօրյայում մենք շատ մտերիմ ընկերներ էինք: Ես կարող էի  յուրաքանչյուր պահի զանգել նրան ու ասել, որ ցանկանում եմ նրա հետ սրճել: Դա մի մեծ գեղեցիկ մտերմություն էր, շատ ծանր եմ տանում նրա կորուստը»,-ասում է Սամվելը:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան