«Հերոսական նովելներ»-ի կոմպոզիտորը՝ պատերազմի ընթացքում ստեղծագործելու մասին

Քանի դեռ կան պատերազմներ, մարդկային ողբերգությունները շարունակվելու են։ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատերազմի ընթացքում ներկայացրեց հեռուստադիտողներին  «Հերոսական նովելներ» բազմասերիանոց ֆիլմը, որի յուրաքանչյուր սերիան պատմում էր ռազմաճակատում առանձին հերոսների կյանքի, նրանց ապրումների ու հանուն մեր հայրենիքի արած զոհողությունների մասին:
«Հերոսական նովելներ» ֆիլմում ներկայացված են արցախյան պատերազմը, մարդկային խաչվող ճակատագրեր, ողբերգական դեպքեր։ Ֆիլմի հերոսները խտացումն են այնպիսի կերպարների, որոնք ընկալելի ու համոզիչ են բոլոր ազգերի համար։ Մեծ կտավի վրա, ինչպես կյանքում, տարբեր ճակատագրեր են գծագրվում, խեղվում, որի պատճառը պատերազմն է։ Այստեղ կարմիր գծի նման անցնում է ասելիքը՝ որ ռազմաճակատում գտնվող յուրաքանչյուր զինվոր էլ իսկական հերոս է։
«Հերոսական նովելներ»-ում, ի տարբերություն այլ ֆիլմերի, դերասանները ոչ միայն խաղում, այլև ապրում են պատերազմի դաժան շունչն ու ցավը, քանզի այն սկսել է նկարահանվել հենց Արցախյան պատերազմի օրերին։
Ֆիլմի երաժշտությունը լսելիս միանգամից պատկերվում է որդուն ռազմաճակատ ճանապարհող մոր, խրամատում ընտանիքին կարոտած զինվորի, հորը պատերազմից սպասող երեխայի կերպարը։ Հերոսական նովելներ»-ի երաժշտության հեղինակը՝ Արսեն Բարսամյանը, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է, որ ինքն էլ այդ օրերին մտերիմ մարդիկ ուներ ռազմաճակատում, ծանոթներ ուներ, որոնց կորցրեց, և այդ երաժշտության մեջ փորձել է արտահայտել իր ողջ կարոտը, տխրությունն ու հույզերը։

 

«Պատերազմի օրերին, երբ մտահոգված էինք, չգիտեինք՝ ինչ անել, խոսակցություն գնաց իմ լավ ընկեր Սարգիս Եղիազարյանի հետ, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը պատրաստվում է շատ արագ տեմպերով «Հերոսական նովելներ»-ը նկարահանել, ես որպես երաժիշտ ու երաժշտահան որոշեցի իմ աջակցությամբ միանալ, քանի որ և՛ լավ պահերին, և՛ վատ պահերին ամեն ոք պետք է իր գործը ճիշտ անի, որպեսզի իր երկրին օգուտ տա։

Ես որոշեցի, որ կարող եմ ու պատրաստ եմ աջակցել, որովհետև այդ ընթացքում իմ մեջ էլ էին հավաքված հուզումները, զգացմունքները, էներգիան, որը կարող էի արտահայտել երաժշտության միջոցով։ Ու Սարգիսը կազմակերպեց իմ հանդիպումը Ելենա Արշակյանի հետ, ով մեծ սիրով ընդունեց առաջարկս, ու շատ հեշտությամբ երաժշտությունը ստացվեց»,- ասում է Արսենը։

Երաժշտահանը նաև կիսվում է, որ պատերազմի դաշտում էին իրեն շատ մտերիմ մարդիկ, ու պատերազմական շրջանից մնացած ծանրությունն ու դժվարությունն ինքը դեռ չի կարողանում հաղթահարել։

«Ռազմաճակատում ունեի մտերիմներ, մանկության ընկերներ։ Շատ հարազատ մարդկանց կորուստներ եմ ունեցել, այդ պատերազմի դժվարությունը դեռ չեմ հաղթահարել, ու չեմ կարծում, որ որևէ հայ հաղթահարել է։ Փորձեցի այդ ընթացքում իմ միջի էներգիան ու զգացումներն արտահայտել «Հերոսական նովելներ»-ում ու Սիլվա Հակոբյանի հետ երգերում»,-ասում է նա։

Արսեն Բարսամյանը, խոսելով պատերազմական օրերին իր գործունեության մասին, անդրադարձավ նաև Սիլվա Հակոբյանի «Իմ հերոս» երգին, որի գործիքավորումն ու ստուդիական աշխատանքն իրականացրել է ինքը«Մեր առաջին համագործակցությունը Սիլվայի հետ՝ «Երկնային երկրից, դեպի երկինք» երգը պատերազմի օրերին մեծ արձագանք գտավ, չնայած զինվորի համար չէր գրվել, բայց տողերն ու բառերը համապատասխանում էին աուրային, բոլորը երգը դնում էին զինվորների նկարների տակ։
Հաջորդ գործը գրվեց մեր հաջորդ հերոսի ՝ Ժորայի համար։ Մեր հերոսի մայրն ասաց, որ կցանկանա այդ երգի մեջ բոլոր մայրերի սրտի խոսքը լինի, ոչ միայն անձամբ իր։ Ու մենք փորձեցինք տանք այն ամենը, ինչը նկարագրեց մայրը։ Մաքսիմալ փորձեցինք հաղորդել նրա սրտի խոսքը, նրա զգացումները։ Երգի գործիքավորումը ես եմ կատարել»
,- ասում է Արսենը։

Երաժշտահանը նաև նշում է, որ այս տարի համավարակն ու պատերազմը բավականին շատ բան փոխեցին իր գործունեության մեջ․եթե նախկինում աշխատանքային խիստ զբաղվածության պատճառով նա չէր հասցնում որոշ ծրագրեր իրականացնել, ապա այս տարին հնարավորություն տվեց դրանցով զբաղվելու։

«Ես ժամանակին ունեի գործիքային երաժշտություն, ու դրան չէի կարողանում անդրադառնալ աստղերի հետ մեծ զբաղվածության պատճառով։ Այս ընթացքում սկսեցի աշխատել նաև իմ գործիքային երաժշտության վրա։
Մեր գործունեությունը կախված է երգիչների գործունեությունից։ Նրանք պետք է իրենց արտադրանքը սպառելու տեղ ունեն
ան, իսկ կարանտինի ընթացքում դա շատ խնդրահարույց հարց է։ Աստղերի հետ կարանտինի ընթացքում աշխատանքներ եղել են, բայց ոչ նախկին ծանրաբեռնվածությամբ»,-պատմում է Արսենը։

Իր խոսքը Արսեն Բարսամյանը եզրափակում է՝ պատմելով ապագա ծրագրերի և համագործակցությունների մասին․ «Ներկա պահին նոր նախագծեր կսկսենք իմ լավ ընկերոջ, տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Ավագյանի հետտարբեր նախագծեր կլինեն, մեկը կապված է երեխաների հետ, մյուսը կապված է ոչ հայկական շոու-բիզնեսի հետ։ Երկուսն էլ նախնական փուլում են, դրա համար դրանց վերաբերյալ կխոսեմ ավելի ուշ։ Կարծում եմ, որ ամեն բան լավ կստացվի։ Կա նաև նոր նախագիծ ֆիլմի հետ կապված։
Տարբեր երգիչների հետ նոր համագործակցություններ կլինեն նաև»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան