Հունվարի 27-ին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը:
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է:

Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:

Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա` երգելու՝ Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար):
Գրել է նաև վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (խոսք՝ Կոստան Զարյանի), «Արվեստ Քերթության» (խոսք՝ Եղիշե Չարենցի), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ալտի և անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու), «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի) բալետը և այլն:

Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն:
Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասում է՝ իր համար երկու սրբություն  գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով և հայոց լեզուն նրա վրա իշխող. «Սրանցից ամեն մեկի նահանջն ինձ համար իմ մարմնի մի մասը տանելն է»: