Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմին, ադմինիստրատիվ թիմին և թատրոնի տարածքի և շենքի պատմությանը:
Թատերասերները ծրագիրը կարող են դիտել փետրվարից թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում և «Յութուբի» պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշում է, որ ծրագրի շրջանակում կստեղծվեն 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնց միջոցով հեռուստադիտողը կարող է բացահայտել թատրոնը ներսից: Նախատեսվում է նաև թվայնացնել թատրոնի արխիվը և տեսադարան ստեղծել:

«Թատրոնն էկրանին» նախագիծն ստեղծվել է որոշակի լուծում տալու կորոնաժամանակների հարկադիր մշակութային դադարին․ սա կորոնադադար է՝ ինքնատիպ ձևով։ Այս նախագծով հնարավորություն է տրվում վիրտուալ հարթակում դառնալու առավել պրոֆեսիոնալ, ակտիվ և հետաքրքիր։ Ավելանում է տեսանելիությունը համացանցում, թատրոնը ձեռք է բերում հնարավոր նոր լսարան։ Ծրագիրն ապահովում է թատերասեր հանդիսատեսի ժամանցը հեռուսաէկրանների առջև, սոցցանցերում որոնումները դառնում են առավել նպատակային։ Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում խաղարկային տարբերակով ուսուցանվում է թատրոնի պատմությունը։ Այս կերպ իրագործում ենք ծրագրի մշակութային-կրթական բաղադրիչի կիրառումը»,- շեշտում է Սահակյանը:

Նրա խոսքով՝մեծ տեղ է հատկացվում արժեհամակարգի դրական փոփոխությունների շեշտադրմանը, ծրագրի իրականացման շնորհիվ ամրապնդվում է կապը հանդիսատեսի հետ։

Թատրոնի տնօրենը վստահ է՝ «Թատրոնն էկրանին» սիրելի դերասաններին, ռեժիսորներին, արվեստագետներին բեմից դուրս տեսնելու հնարավորություն է ընձեռում, բացահայտվում են հանդիսատեսի համար մինչ օրս անհայտ էջեր ու շերտեր, թատրոնը առավել մոտենում է հանրության լայն շերտերին՝ խորքում, իհարկե, պահելով կենդանի շփման գրավչությունը։

«Թատրոնը ձեռք է բերում թվային գրապահոց․մինչ այժմ դա եղել է առանձին ներկայացումների տեսագրությունների տեսքով։ Կորոնաժամանակներում ստեղծված հեռուստալսարանը թատրոնի նաև ապագա հանդիսատեսն է։ Վերջին հաշվով, անկախ ամեն ինչից, հարկավոր է հանդիսատես կրթել: Ծրագրի համար թիրախային խմբեր և շահառուներ կարող են հանդիսանալ բոլորը, ովքեր ունեն մշակութային կրթություն ստանալու ցանկություն: Սպառողներ կարող են դառնալ դպրոցականները, ուսանողները, ուսուցիչներն ու դասախոսները՝ ելնելով ծրագրային կրթական-մշակութային բաղադրիչից: Իսկ ընդհանուր առմամբ՝ «Թատրոնն էկրանին» նախագիծը կսպառվի լայն հանրության շրջանում: Իրականացման առաջին փուլում ակտիվ կլինեն սոցիալական ցանցերն ու թատրոնի պաշտոնական էջը, ապա աստիճանաբար անցում կկատարենք հեռուստաեթերով սպառմանը՝ սկզբում մարզային, ապա և՝ հանրային հեռուստաընկերություններով։ Մենք ապահովում ենք ծրագրի մատչելիություն հավասարաչափ բոլորի համար, իսկ ազդեցության չափելիությունը կդրսևորվի իբրև վարքագծային և արժեհամակարգի դրական փոփոխությունների հանրագումար»,- ընդգծում է նա:

Թատրոնի տնօրենը փաստում է՝ծրագրի ազդեցությունը նաև կլինի չափելի․ ֆիլմերի դիտողականությունը միանգամից երևում է սոցիալական էջերում, ինչպես նաև որպես գնահատման մեխանիզմ կօգտագործվեն օգտատերերի թողած մեկնաբանությունները։ Հեռուսատաեթերի համար՝ ամսվա կտրվածքով կուսումնասիրվի ռեյտինգը չափող ցուցանիշային գումարը։ «Ծրագիրն իր ձևաչափով եզակի է։ Ապագայում այն կունենա շարունակություն։ Կորոնաժամանակներում կստեղծվեն ֆիլմեր թատրոնի անցյալի մասին, իսկ ապագայում կունենանք նաև թատրոնի բնականոն աշխատանքները հանրայնացնող օրագրեր։ Սա նաև լավ հնարավորություն է կենդանի շփմանը կից բովանդակալից ներկայացնել թատերական կյանքում տեղի ունեցող և ունենալիք իրադարձությունների ինֆորմացիան։ Ակնկալվող հիմնական արդյունքը՝ հանդիսատեսի աստիճանական աճ: Իբրև ծրագրի գնահատման մեխանիզմ՝ կդիտարկենք հանրության շրջանում սպառման գործոնը: Ելնելով մատուցման ձևի նորությունից՝ ակնկալում ենք ազդեցության տևականություն։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ այս նախագիծը նույնպես տրամաբանական դադար ունեցավ․ հիմնականում հետաձգվել է արդեն պատրաստ պրոդուկտի հեռարձակումը․․․ Ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 1-ից»,- եզրափակում է լուսինե Սահակյանը:

Վանաձորի թատրոնը րամաշնորհային նախագիծն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: