Ծխամորճ, դանակ, առանձնատուն․ ի՞նչ նվերներ են ստանում հայտնիները հունվաի 28-ին

Վերջին տարիներին շատ հայուհիներ տղամարդկանց տոնն արդեն շնորհավորում են ոչ թե Փետրվարի 23-ին, այլ Հայոց բանակի օրը՝ Հունվարի 28-ին: Նամանավանդ այս տարի շատերը կշտապեն շնորհավորել իրենց սիրելի տղամարդկանց՝ ամուսիններին, եղբայրներին, ընկերներին…նրանց, ովքեր արդեն ծառայել են հայոց բանակում, ովքեր հիմա ծառայում են ու դեռ կծառայեն:
Showbiz.am կայքի հետ զրույցում հայտնի տղամարդիկ կիսվել են, թե ինչպիսի նվերներ են իրենք նախընտրում, ու թե որն էր իրենց ստացած նվերներից ամենատպավորիչը։

Համլետ Ղազարյան

Նվերների հարցում իրականում շատ խստապահանջ չեմ։
Շատ սիրում եմ նվեր ստանալ, մանավանդ, երբ այն իրոք պետքական է լինում, բայց առավել կարևոր է մատուցման ձևը, սովորական գրիչն էլ կարելի է այնպես մատուցել որ «ամենա» թվա։ Բայց առավել հետաքրքիր է, երբ այն պատմություն ունեցող է։

Ամենալավ նվերը հիշել չեմ կարող, հիմնականում բոլորն էլ լավն են լինում,  բայց վերջերս ծխամորճ եմ նվեր ստացել, որից հետո սկսել եմ ուսումնասիրել ծխամորճի արվեստը, (չնայած խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չծխել )։
Իսկ այս տոնի հետ կապված եթե կրկին նվերներ ստանամ, թող այն ծխամորճի տեսքով լինի։ Պարզել եմ, որ այն տարբեր տեսակների է լինում։

Իսկ եթե լուրջ՝ այս տարի այս տոնը ավելի կարևոր նշանակություն ունի, եթե մեկին նվեր ենք անելու, ավելի լավ է այդ գումարը բարեգործություն անենք,  հիմա դրա կարիքն ավելի շատ կա, հիմա առավել քան երբևէ պետք է մեկս մյուսի կողքին լինենք ու բնականաբար, վիրավորված մեր եղբայրների՝ կապ չունի ֆիզիկական, թե հոգեպես։

Ժորա Հովհաննիսյան

Նվերներ միշտ երեխա տարիներից մայրիկս ու քույրիկս են ինձ նվիրել։ Մեծ տարիքում ավելի քիչ նվերներ եմ ստացել։ Մի անգամ գեղեցիկ դանակ եմ նվեր ստացել ընկերոջս կողմից։ Այդ դանակն է տպավորվել։ Վաղ տարիքում միշտ մայրիկի ու քույրիկի կողմից հագուստ եմ նվեր ստացել։

Հայկ Աֆրիկյան

Նվերներ ստանալը նախընտրելով չէ, դա այնպիսի բան է, որ նվիրողը իր սրտի չափով և կարողության չափով  պետք է նվիրի։
Ինձ համար ցանկացած նվեր էլ լավն է։ Կարևոր չէ ո՛չ նվերի արժեքը, ո՛չ տեսքը, կարևորը վերաբերմունքն է։
Ես ծառայած չեմ ու այդ տոնին երբեք նվեր չեմ ստացել։

Արմեն Դալլաքյան

Անկեղծ կասեմ՝ սիրում եմ նվերներ ստանալ, ու կարևոր չէ, թե ինչ նվեր կլինի, կարևորը սրտանց լինի։ Այս պարագայում հնարավոր է, որ արժեքավոր նվերն այնպես չընդունեմ, ինչպես կըդնունեմ փոքրիկ նվերը, որը սրտանց է։
Դպրոցական տարիներից հիշում եմ դասարանի աղջիկները շատ հետաքրքիր բլոկնոտ, գրիչ ու գուլպաներ էին նվիրում։ Դա, իսկապես, շատ հիշարժան պահ էր։ Ինձ համար ամենատավորիչը եղել է քեռուս անակընկալը․ նա ինձ առանձնատուն է նվիրել։  Չստացված նվեր մինչ այսօր չեմ ունեցել։

Մավր Մկրտչյան

Ես, որ ասեմ սիրում եմ նվեր ստանալ, սուտ կլինի, իհարկե հաճելի է ուշադրությունը, բայց ավելի շատ սիրում եմ ես նվիրել։
Չկա կոնկրետ բան, որ ասեմ սիրում եմ նվեր ստանալ, իսկ այդ օրվա և արդեն ներկայիս գիտակցական կյանքիս ամենամեծ և կարեւոր նվերը կլինի հզոր երկիր և հզոր բանակ ունենալը, մեր զինվորների անվտանգությունն ու գերիների վերադարձը։

Այս օրվա հետ կապված չունեմ նվերներ փոխանակելու մեծ պատմություն, բայց հիշում եմ իմ դպրոցական տարիները, երբ, մեր աղջիկներն այդ օրն էին մեզ նվեր անում, իսկ մենք մարտի 8-ի առիթով։
Եվ մինչ այժմ իմ ամենասիրելի նկարներն անցյալից ամփոփված են իմ այդ տարիներին նվեր ստացած նկարների ալբոմում, որտեղ որպես շնորհավորանք՝ մեր աղջիկները գրել էին՝ կյանքում լինես Հայ Զինվորի պես հզոր և անվախ…