«Պետք է ապրենք հանուն այն տղաների, ովքեր հանուն մեզ անմահացան»․ կայացավ «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

Հունվարի 28-ին տեղի ուենցավ «Հարսանիք թիկունքում» համանուն ներկայացման հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան:
Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:


Արցախյան երկրորդ պատերազմից հետո, այս ֆիլմն ասես կրկնությունը լիներ այն սարսափի, վախի ու լարվածության, որը յուրաքանչյուր հայ զգում էր սեպտեմբերի 27-ի առավոտից։
«Պարեք, պարեք, պարեք։ Մենք պետք է ապրենք հանուն այն տղաների, ովքեր հանուն մեզ անմահացան»,- հենց այս խոսքերով էլ ավարտվում է ֆիլմը՝ տակնուվրա անելով պատերազմի թոհուբոհի միջով նոր-նոր անցած հանդիսատեսի բոլոր զգացմունքները։

Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որն արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին է նվիրված, արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին և խաղացվել է ավելի քան 65 անգամ։
Ներկայացման իրադարձությունները ծավալվում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմնված են իրական դեպքերի վրա:

Ֆիլմի սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմությունն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել, բայց հենց հարսանիքի ժամանակ նրանց է հասնում պատերազմի բոթն ու փեսան պատուհանից փախչում է՝ գնալով ռազմաճակատ:

 

«Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այն, ինչ խաղում ենք, ամիսներ անց դառնալու է մեր առօրյան։
«Հարսանիք թիկունքում»-ը դարձավ մի պատմություն, մի կյանք, որը ցավոք, ապրեցինք բոլորս, աշխարհի որ ծայրում է լինի, հայն անցել է սրա միջով։ Սա պատմություն է սպասումի մասին, երբ գիտենք, որ տղաներն այլևս չեն գալու, բայց միևնույն է սպասում ենք»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է ֆիլմի դերասաններից Մանե Մխոյանը։

Դերասանուհին նաև պատմում է, որ շատ ծանր նկարահանման օրեր են ունեցել ողջ անձնակազմով, որովհետև մոտ 3 օր  արցունքոտ աչքերով են խաղացել։ Անգամ վերջին օրը ռեժիսորը՝ Արշո Հարությունյանը, մոտեցել է Մանեին և հարցրել. «Չեմ հավատում, դու դեռ արցունք ունե՞ս»։
Մանեն նաև հատուկ նշում է, որ նկարահանման ընթացքում գլիցերինի կարիք ոչ մեկ չի ունեցել, որովհետև արցունքներն ինքնաբերաբար են հոսել։

Մանեն կիսվում է, որ 2020 թվականն իր համար նպատակներով ու երազանքներով լի տարի էր, սակայն․․․
«2020-ը երևի նպատակներով ու երազանքներով ամենալի տարին էր, բայց չեղավ այնպես, ինչպես պետք է լիներ։
Հուսամ 2021-ը լիենլու է խաղաղ ամբողջ աշխարհի համար։ Հուսամ 2021-ը թույլ կտա ստեղծագործողներին խաղաղ մտքով ու հոգով ստեղծագործել, որպեսզի այլևս չլինեն պատերազմին վերաբերող նոր գործեր։ Հիմա գիտենք այդ խաղաղության արժեքն ու գիտենք՝ ինչ գին ենք վճարելու ամեն խաղաղ օրվա համար»,-ասում է Մանեն։
Խոսելով պատերազմի ու դրա թողած հետքերի մասին՝ դերասանուհին ասում է․«Պատերազմից հետո չեմ հաղթահարում այդ բացը, ու իմ կարծիքով՝ այդպես էլ կմնա, ոչ ոք չի կարողանա փակել այդ ամիսները, կորուստը, ցավը։ Ունեի առաջնագծում շատ մտերիմներ, նրանց թվում, ցավոք, կան նաև զոհեր։ Այդ օրերին ծանոթ-անծանոթ չկար։ Մենք բոլորս դարձել էինք մի ընտանիք՝ քույր ու եղբոր, մոր ու որդու պես։

Հիմա ավելի դժվար է, որովհետև փորձել լրացնել այն բացը, որն ունենք, ամսիների այդ տառապանքը, ցավը, վիշտը, դժվար է։ Ամեն անգամ, երբ ցանկանում ես մի բան անել, որ փոխարինի այդ ցավը, հասկանում ես, որքան թույլ ես, որովհետև ինչ էլ անես այն կյանքերը հետ չես բերի։ Աշխատում եմ ուժեղ լինել, մանավանդ, երբ նայում եմ այն մարդկանց աչքերին, ովքեր կորցրել են իրենց հայրերին, որդիներին, ամուսիններին, հասկանում եմ, որ թուլանալու իրավունք չունեմ, որովհետև եթե այդ մարդիկ ապրում են վաղվա նկատմամբ հավատով, ապա մենք ո՞վ ենք, որ թուլանանք։ Հիմա այն դժվար էտապն է բոլորի համար, երբ պետք է անել հնարավոր ու անհնարին ամեն ինչ, որ արժանի լինենք տղերքին»,- հուզմունքով եզրափակում է իր խոսքը Մանեն։

Ֆիլմում հարսի դերը տանող Ջեմմա Ադամյանը մեզ հետ զրույցում խոստովանում է՝ այդ դերն իրեն փրկել է։

«Ես մարմնավորում եմ հարսի կերպարը։ Լուռ, հանգիստ, համեստ աղջկա կերպար է, որն իր մեջ տանում է այդքան փորձություններ, բայց այդ ամենը հաղթահարում է, որովհետև հայի, հայ կնոջ տեսակն այդպիսին է։
Մենք ներակայացումից շատ չենք հեռացել, պահել ենք թատրոնի ու կինոյի բոլոր օրենքները։
Այս դերը փրկեց ինձ, որովհետև ես այս ներկայացման շնորհիվ կարողացա դուրս գալ 2016 թվականի ապրումներից։ Ներկայացումն ինձ օգնեց այլ տեսանկյունից նայել այս ամենին»,-ասում է Ջեմման։

Ֆիլմի գլխավոր դերակատարներից Արսեն Սաղաթելյանը կիսվում է, որ միշտ երազել է ներկայացումը նայել որպես հանդիսատես։ Վերջապես այսօր կունենա այդ հնարավորությունը։

«Երբ ներկայացումը ծնվեց՝ ապրիլյան պատերազիմից 2 տարի անց, պատկերացում չունեինք, որ այն այդքան մեծ արձագանք կգտնի, նույնիսկ մտավախություն կար՝ արժե անդրադառնալ այդ թեմային, թե ոչ։
Բայց հետագայում արձագանքը ցույց տվեց, որ անդրադարձը ճիշտ էր։ Արդեն 2020-ին գաղափար ստեղծվեց, որ կարելի է էկրանավորել ներակայցումը։ Պրեմիերան հետաձգվեց սկբում կարանտինի, հետո պատերազմի հետևանքով։ Ես ինքս այսօր առաջին անգամ եմ դիտելու ֆիլմը։
Միշտ ցանկություն եմ ունեցել թատրոնից դիտել այդ ներկայացումը, այսօր դա, վերջապես, հնարավոր է»,-ասում է նա ։

 

Ֆիլմի ռեժիսորը՝ Արշո Հարությունյանը, նշում է, որ ֆիլմն էկրանավորվեց, որեսզի ներկայացումը հասանելի դառնար ավելի մեծ լսարանի համար։ Նա գտնում է, որ այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով։ Արշո Հարությունյանը նշում է, որ ոչ մի այլ ռեժիսորի առաջարկ չէր ընդունի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր բեմադրող Լյուդվիգ Հարությունյանին,նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանին և պրոդյուսեր Արման Միտոյանին, նա չէր կարող մերժել։

Նշենք, որ «Հարսանիք թիկունքում» ֆիլմը նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:Նման որոշում է կայացվել, որպեսզի պահպանվի ներկայացման աուրան: Ներկայացման դերասանական կազմը չի փոխվել. խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը և այլք:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան