«Հարդասենյակ կանանց համար»․Անի Քոչարյանը՝ 18+ ներկայացման և ծանր 2020-ի մասին

Կանանց խոսել ստիպելու հազարավոր հնարքներ կան,սակայն չկա մեկը, որ ստիպի նրանց լռել։  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հունվարի 30-ին հանրության դատին կհանձնի Ռոդոլֆո Սանտանայի «Հարդասենյակ կանանց համար» 18+ դրամատիկ կատակերգությունը, որի ընթացքում  հանդիսատեսը կվայելի կանացի տրամադրության, հույզերի ու տառապանքների խայտաբղետ ներկապնակը։ Իրենց զրույցներում 18+ ներկայացման հերոսուհիները կհիշեն իրենց կյանքի բոլոր սայթաքումները, սխալները, որոնցից յուրաքանչյուրում, իհարկե, կա տղամարդու մեղքի մասնաբաժինը։ Կանանց համար հարդասենյակում  երկու ժամ տևած թեժ, ծանր, թախծոտ ու ցավոտ զրույցներից հետո անգամ, միևնույն է, հանդիսատեսը գուցե ոչ ամբղջությամբ կարողանա նրանց հասկանալ, բայց չէ՞ որ կանայք ստեղծված են, որ իրենց սիրեն, ոչ թե հասկանան:

Ներկայացումը բեմադրել է  Հակոբ Ղազանչյանը։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհի Անի Քոչարյանը պատմեց ներկայացման մեջ իր դերի, ապագա ծրագրերի և 2020 թվականի դժվարությունների ու թողած ծանր սպիների մասին։

Դերասանուհին նշում է, որ «Հարդասենյակ կանանց համար» ներկայացման մեջ խաղալու առաջարկը ստացել էր վաղուց, սակայն ներկայացման պրեմիերան ու փորձերն անդադար հետաձգվում էին։
«Առաջարկը ստացել եմ դեռ 2019 թվականին: Ներկայացումը պետք է խաղայինք դեռ անցյալ տարի, պարզապես, կարանտինը, հետո պատերազմական վիճակը խոչընդոտեցին, ինչի հետևանքով ընդհատվեցին փորձերը, մի քանի անգամ հետաձգվեց պրեմիերան, և այսօր, կարծում եմ, մենք կկարողանանք այդ կարծրատիպը կոտրել և սկսել նոր տարին նոր բեմադրությամբ»,-ասում է նա:

Անի Քոչարյանը նշում է, որ ներկայացման գաղափարն ու ուղերձը յուրաքանրչյուր հանդիսատես կհասկանա յուրովի․
«Ուղերձի մասին խոսել չեմ ցանկանում, թող հանդիսատեսն ինքը որոշի, և դիտելուց հետո ինքն իր հետ տանի այն, ինչ ինքը կցանկանա վերցնել, որովհետև ընկալումները տարբեր են:  Յուրաքանչյուրը կստանա իրենը:
Որևէ դժվարություն դերի հետ կապված չի եղել: Բավականին հետաքրքիր կերպար է: Ներկայացումը կանանց մասին է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրը՝ կապված տղամարդու հետ, որը ներկայացնում է հենց հարդասենյակում»: 

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ դերասանուհին հայտնում է, որ փետրվարի 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա հաջորդ պրեմիերան՝ « Չինացին էլ կարող է հայ լինել», որտեղ կխաղա նաև ինքը:
«Մեզ մոտ աշխատանքները միշտ եղել են, մենք բոլորս սպասում էինք այս բացմանը, որպեսզի կարողանանք ներկայանալ: Հեռուսատատեսությամբ էլ  հանդես եմ գալիս «Սարի աղջիկ» նախագծում»,-հավելում է նա:

Դերասանուհին մեզ հետ զրույցում կիսվում է, որ 2021 թվականը սկսել է նոր երազանքներով, նոր ցանկություններով, իսկ 2020-ի դուռը փակել է և փորձում է առհասարակ չվերադառնալ այդ տարի:
«Երազանքներ բնականաբար եղել են, բայց քանի որ կան բայցեր, ես փակեցի 2020-ի դուռն ու առհասարակ անգամ չեմ ցանկանում խոսել այդ տարվա մասին»,- խոստովանում է Անի Քոչարյանն ու եզրափակում է իր խոսքը՝ ասելով, որ 2020-ի բոլոր սարսրափելի փորձություններից հետո մենք բոլորս պարտավոր ենք ապրել, ապրել հանուն չապրած կյանքերի և ապրել հաղթանակած ոգով, –« Կարողացա հաղթահարել 2020-ը այնպես, ինչպես բոլորը՝ շատ ծանր: Կարանտինը դեռ ոչինչ, անցանք, բայց ինձ համար շատ ծանր էր այն, ինչ ապրեց մեր ողջ ազգը: Պատերազմը, մեր կորուստները շատ ցավալի էին: Դա կարծում եմ՝ դեռ երկար մեր մեջ կմնա: Մտերիմներ ունեի առաջնագծում, կորուստներ ունեցա: Չեմ ցանկանում առանձնացնել, ցանկացած զոհ մեր յուրաքանչյուրի  կորուստն է, մեր ընտանիքի անդամն է, մեր երեխան է, յուրաքանչյուրի համար ցավացել եմ խորապես: Դեռ մինչև այսօր էլ չեմ հաղթահարել: Կարծում եմ՝ դա հաղթահարելու չէ, երբևէ չենք կարող հաղթահարել, միշտ մեզ հետ մնալու է…

Մարդ արարծը միակն է, որ կարողանում է ամեն ինչին դիմանալ, դա ևս մեկ ապացույց, որ մենք շարունակելու ենք ապրել, հանուն չապրած կյանքերի: Մենք պարտավոր ենք շարունակել ապրել, ասել, որ մենք կանք ու չենք պարտվել, որովհետև մեզնից յուրաքանչյուրը հաղթանակած է ու այդ ոգով շարունակելու ենք ապրել: Ես չեմ ընդունում, որ մենք պարտվել ենք, դա շատ վատ բառ է, և մենք իրոք չենք պարտվել, յուրաքանչյուրս գիտենք՝ ինչն ինչպես է եղել: Ես, ինչպես, երևի, մեզնից յուրաքանչյուրը, փորձում է  մոռանալ 2020-ը: Եկեք չվերհիշենք այդ թիվը»:  

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան